Օլիգարխիական հեղաշրջում է տեղի ունեցել
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայում փետրվարի 16-ին օլիգարխիական հեղաշրջում է տեղի ունեցել: Այդ մասին Վրաստանի նախկին նախագահը գրել է Facebook-ի իր էջում: «Երեկ տեղի է ունեցել այն, ինչ միշտ անխուսափելիորեն տեղի է ունենում, երբ հեղափոխությանը բարեփոխումներ չեն հաջորդում` հին ռեժիմի վերականգնում: Երկրում օլիգարխիական հեղաշրջում է տեղի ունեցել: Ինչպես որ նարնջագույն հեղափոխության անհաջողություններից հետո իշխանության եկավ Յանուկովիչը, այնպես էլ երեկ Ահմետովն ու մյուս օլիգարխները, իրենց ձայներով կառավարություն կազմելով, նորից իրենց ձեռքն առան իրավիճակի վերահսկողությունը», — նշել է Սաակաշվիլին: Նրա կարծիքով, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» նախագահական խմբակցությունը պիտի «Բատկիվշչինային» հետեւելով` դուրս գա կոալիցիայից: «Նույնիսկ խմբակցության այն անդամները, որոնք քվեարկել են կառավարության հրաժարականի օգտին, կոալիցիայից դուրս չգալու ձեպքում, լիակատար ֆորմալ պատասխանատվություն են ստանձնում երեկվա օլիգարխիական հեղաշրջման համար», — ընդգծել է Սաակաշվիլին:
