Աբսուրդ. թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում
Դատաիրավական համակարգի աշխատակիցների թոշակները բարձրացնելու մասին օրենքը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու բնույթ ունի: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Մենք կարող ենք ստեղծել հակակոռուպցիոն 10 մարմին, բայց պետք է տեսնենք, թե արդյոք այդ մարմնի գործունեության սկզբունքները տալի՞ս են այդ հնարավորությունները, որ այդ մարմինն արդյունավետ գործի»,- ասաց նա: Ինչպես հիշեցրեց՝ 2013թ.-ին, երբ ընդունվեց քննիչների, դատավորների, դատախազների թոշակները բարձրացնելու մասին օրենքը, այն լուրջ խնդիրներ առաջացրեց, որովհետև 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող փորձառու մասնագետները լքեցին համակարգը՝ բարձր թոշակ ստանալու պատճառով: «Այդ մարդիկ համատարած գնում էին թոշակի և ստացվում էր, որ թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին գործող դատախազը: Աբսուրդ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
