«Առաջարկում եմ կառավարության բոլոր նախագծերին «դեմ» քվեարկել»․ Էդմոն Մարուքյան
Այսօր մեկնարկած ՀՀ ԱԺ արտահերթ նիստին ՀՀ ԱԺ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի միջև բանավեճ սկսվեց, քանի որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է մի շարք նախագծեր, որոնք առաջարկվում է ընդունել 24-ժամյա հատուկ ռեժիմով։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իրավիճակը շտկելու համար առաջարկեց դեմ քվեարկել: «Առաջարկում եմ՝ մի անգամ խորհրդարանը կառավարության բոլոր նախագծերին դեմ քվեարկի և դրանով կառավարությանը տալ ուղերձ, որ այսուհետ նման մոտեցում չցուցաբերվի։ Ըստ էության՝ սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի, խորհրդարանական կառավարմանը։ Փոխնախարարը պնդում է, թե սրանք երկար քննարկելու նախագծեր չեն, ես էլ պնդում են, որ երկար քննարկելու բան կա»,- ասաց նա:
