Փորձում էի հարմարվել, հեշտ չէր. Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է ավարտված մրցաշրջանը (Տեսանյութ)
«Կարող եմ ասել, որ անցկացրեցի հաջող մրցաշրջան: Մրցաշրջանի սկզբում որոշ խնդիրներ ունեի, բայց դա ֆուտբոլի մի մասն է: Ես ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ էի այդպիսի իրավիճակի: Կարողացա հաղթահարել դժվարությունները՝ ցուցադրելով արդյունավետ ֆուտբոլ», - «կարմիր սատանաների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ ամփոփելով Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած առաջին մրցաշրջանը: Նա նշել է, որ Պրեմիեր լիգան հեռուստացույցով ու կյանքում տարբեր բաներ են: «Այստեղ խաղի տեմպը շատ ավելի բարձր է, քան կարող ես պատկերացնել: Մտածելու ժամանակ քիչ ես ունենում: Փորձում էի հարմարվել քայլ առ քայլ: Հեշտ չէր, սակայն դա էլ հաղթահարեցի», - ընդգծել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը։
