«Զանգեզուրը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում». Իրանում անհանգստացած են

Ղարաբաղում ծավալված 44-օրյա աշնանային պատերազմը լուրջ ազդեցություն թողեց Իրանի վրա թե՛ դրական և թե՛ բացասական առումներով, պնդում է Վաշինգտոնում գործող «Ջեյմսթաուն» հիմնադրամը՝ հիշեցնելով, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի խոշորագույն պետություններից միակն է, որ տասնամյակներ շարունակ անմիջականորեն հարում էր սառեցված հակամարտության գոտուն։

«Ի տարբերություն Թուրքիայի և Ռուսաստանի` Իրանը սահմանակից էր այն տարածքներին... Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանի ընդհանուր երկարությունը 750 կիլոմետր է, որից 138-ը բաժին էին ընկնում 1991-94թթ. ծավալված առաջին ղարաբաղյան պատերազմի հետևանքով հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններին», - ըստ «Ազատության», նշել է «Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբան, իրանցի Վալի Քալեջին։

Փորձագետը, սակայն, հատուկ ընդգծում է, որ 1994-ից հետո անցած երկուսուկես տասնամյակների ընթացքում սահմանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված հատվածը Թեհրանի համար լուրջ գլխացավանք չէր։ «Այդ ժամանակահատվածում հիմնական սպառնալիքները Իրաքի և Աֆղանստանի հետ պետական սահմանների հետ էին կապված», - նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ Արաքսի երկայնքով անցնող սահմանին իրավիճակը փոխվեց սեպտեմբերի 27-ին, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսվեցին ռազմական գործողությունները։ Հիշեցնելով, որ մարտական գործողությունների ընթացքում մի շարք հրթիռներ և ականներ հարվածեցին Իրանի տարածքին, «Ջեյմսթաունի» փորձագետը նշում է. «Այդ ամենի հետևանքով Իրանը հայտնվեց անորոշության մեջ՝ փորձելով չեզոք դիրք գրավել մի կոնֆլիկտում, որն ուղղակիորեն ազդում էր իր անվտանգության վրա»: Վերլուծաբանը հատուկ ուշադրություն է դարձնում ռազմական ուժերի այն կուտակման վրա, որին դիմել էր պաշտոնական Թեհրանը հայ-ադրբեջանական պատերազմի օրերին։

«Առաջին անգամ 1994-ից ի վեր Իրանի կանոնավոր բանակի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումները տեղակայվեցին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով պարեկություն իրականացնելու համար։ Այս քայլը վկայում էր տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն թույլ չտալու և միջազգայնորեն ճանաչված սահմանների վերաձևումը կանխելու` Թեհրանի ցանկության մասին», - գրում է Քալեջին։
Դատելով իրանցի փորձագետի խոսքից` Թեհրանում առկա հիմնական մտավախությունները վերաբերում էին 48 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի ճակատագրին։ Այդ մտավախությունները մի պահ ավելի խորացան, մասնավորապես նոյեմբերի 10-ի հրադադարի կնքումից հետո, որի պայմաններից մեկը Սյունիքով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող տրանսպորտային միջանցքի ստեղծումն էր։

Հրադադարի հաստատումից հետո իրանական սոցիալական ցանցերում շահարկումներ ի հայտ եկան, որոնց համաձայն այդ միջանցքը կարող է վտանգել Իրանի ֆիզիկական կապը Հայաստանի հետ։ Որոշ իրանցի փորձագետներ էլ ավելի խորացրեցին այդ մտավախությունները` պնդելով, որ Զանգեզուրը դե յուրե կամ դե ֆակտո կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Այս թեժ բանավեճն ի վերջո ստիպեց իրանցի պաշտոնյաներին հանդես գալ պարզաբանումներով՝ նշելով. «Իսլամական Հանրապետության աշխարհագրական սահմանները չեն փոխվել և չեն փոխվելու նաև ապագայում», - կարդում ենք «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում։

Իրանի համար 44-օրյա պատերազմի բացասական հետևանքներից մեկը, ըստ վերլուծաբանի, կարող է լինել այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջանները Թեհրանի դեմ ուղղված թշնամական գործողությունների պլացդարմ դառնան։ «Իրանին մասնավորաբար մտահոգում է իր սահմանների մոտ իսրայելական հետախուզության և անվտանգության ծառայությունների ի հայտ գալու հնարավորությունը։ Երբ Ադրբեջանի հարավարևմտյան շրջանները հայկական վերահսկողության ներքո էին, Թեհրանը իր խոցելի սահմանների հարևանությամբ իսրայելական հետախուզական գործողությունների մասին կարող էր չմտահոգվել», - գրում է «Ջեյմսթաուն» հիմնադրամի փորձագետ Քալեջին։

Հոդվածագրի խոսքով, սակայն, պատերազմի ընթացքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը և մասնավորաբար իսրայելական արտադրության հարվածային դրոններից մեկի հետևանքով Իրանի տարածքում տեղի ունեցած աղետը լրջորեն մտահոգեցին թեհրանցի պաշտոնյաներին։

«Իրանցի պաշտոնատար անձինք աճող մտավախություններ ունեն, որ իսրայելական արտադրության այդ անօդաչու թռչող սարքերը կարող են հնարավորություն տալ Իսրայելին լրտեսական գործունեություն իրականացնել Իրանի տարածքում գտնվող թիրախների նկատմամբ», - գրում է վերլուծաբանը՝ նշելով նաև, որ իրանական իշխանությունների մյուս մտավախությունը վերաբերում էր այս շրջաններում սիրիացի վարձկանների ի հայտ գալուն։

«Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբանի կարծիքով, սակայն, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 շարունակված պատերազմը Իրանի համար նաև երեք հիմնական դրական արդյունք ապահովեց։ Առաջինն, ըստ Վալի Քալեջիի, այն է, որ Իրանն այժմ սահմանակից է ոչ թե միայն դե ֆակտո պետություն հանդիսացող Արցախի Հանրապետությանը, այլ դե յուրե պետության՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանին։

Վերլուծաբանի կարծիքով` հայ-ադրբեջանական վերջին պատերազմի Թեհրանի համար մեկ այլ դրական արդյունքը այն էր, որ բուն հակամարտության գոտին տեղաշարժվել է հյուսիս։ «Եթե ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը Ղարաբաղում վերսկսվի, այն կընթանա իրանական գյուղերից ու ավաններից հեռու», - նկատում է «Ջեյմսթաունի» փորձագետը։

Եվ երրորդ կարևորագույն արդյունքը, ըստ Քալեջիի, այն է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանն ու Ադրբեջանը կարող են միասնաբար օգտագործել Ջաբրայիլի շրջանում` Արաքսի վրա գտնվող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։ «Ջրամբարը կառուցվել է 2008-ին Թեհրանի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարածքների հանդեպ 1993-ից հաստատված հայկական վերահսկողության փաստը, սակայն, հետ էր պահում Իրանին այս կառույցի շահագործման մտքից»,- գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ այժմ իրավիճակը փոխվել է։ «Իրանա-ադրբեջանական միացյալ տեխնիկական հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 14-ին հանդիպել են Նախիջևանում՝ քննարկելով էլեկտրակայանի համատեղ շահագործմանը վերաբերող հարցերը», - նշված է «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում։

Ի մի բերելով 44-օրյա պատերազմի գլոբալ հետևանքները Իրանի համար` «Ջեյմսթաունի» փորձագետը համոզմունք է հայտնում. «Հարավային Կովկասի հետ իր 1100 կիլոմետրանոց սահմանի անվտանգությունն ապահովելու համար Թեհրանը այսուհետ ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն պետք է վարի»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 19688 անգամ
Լրահոս
«Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am