Ադրբեջանն ակտիվացել է հատկապես այնտեղ, որտեղ հայ համայնքն ուժեղ է. Սերխիո Նահապետյան
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի հարցում Հայաստանի իշխանությունը պետք է իրենց ուղղորդի: «Մենք հետևելու ենք Հայաստանի իշխանության քաղաքականությանը և ըստ դրա կկատարենք մեր քայլերը: Արցախյան հարցը մշտապես սփյուռքի ուշադրության կենտրոնում է»,- ասաց Նահապետյանը: Նրա խոսքով` աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացներով պայմանավորված՝ պետք է նոր քաղաքական մոտեցումներ ցուցաբերել: «Ադրբեջանը վերջին 5 տարում բավականին փոխել է իր քաղաքականությունը և ակտիվացել հատկապես այնտեղ, որտեղ հայ համայնքն ուժեղ է: Արգետինայում միլիոնավոր դոլարներ են ծախսում, ամիսը մեկ անգամ արգենտինացի պատգամավորներին հրավիրում են Ադրբեջան՝ իրենց հայացքները ներկայացնելու համար: Ուստի, մենք պետք է կարողանանք աշխարհի բոլոր կառավարություններում բարձր դիրք զբաղեցնել, որպեսզի զսպենք ադրբեջանցիների նման ակտիվությունը»,- ընդգծեց Նահապետյանը:
