Արցախում զոհված զինծառայողին հողին են հանձնել զոհված ազատամարտիկների հուշահամալիրում
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում հողարկավորել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 21-ամյա Արմեն Հարությունյանին: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 29-ին, ասաց Հաթերքի ղեկավար Ռադիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ զոհված զինծառայողին հողին են հանձնել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահմալիրում: Պայմանագրային զինծառայողի հուղարկավորմանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, նրա ծառայակից ընկերները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Հարությունյանը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ էր: Պայմանագրային զինծառայողը ծառայության էր անցել 8 ամիս առաջ: Նա ունի իրենից փոքր եղբայր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմանում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 21-ամյա Արմեն Ռաֆիկի Հարությունյանը:
