Զինվորների ջրահեղձման հետևանքով զորամասի հրամանատարն ու երկու տեղակալը հեռացվել են աշխատանքից
Մայիսի 8-ին Արցախում 3 ժամկետային զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոններից ազատվել են այդ զորամասի հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: «Մի խումբ պաշտոնատար անձիք էլ ենթարկվել են կարգապահական տույժի», - նշեց նա։ Մայիսի 8-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
