Վարորդը Mercedes-ով մխրճվել է ցուցանակի մեջ
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 AԼ 161 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհի հսկայական ցուցանակի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկրարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի և խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նույթեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել վթարի հարևանությամբ գտնվող գարեջրատան աշխատակիցները, իսկ վարորդին՝ Արտաշատի հրշեջ- փրկարարները: Նրանք նաև օգնել են փրկարարներին, ովքեր մեծ դժվարությամբ ավտոմեքենան առանձնացրեցին ցուցանակից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ՝ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչներ Դավիթ և Սերգեյ Խլղաթյանները, ովքեր հարազատ եղբայրներ են, իսկ նրանց հայրը Դիմիտրով գյուղի նախկին գյուղապետ Լյուդվիգ Խլղաթյանն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
