«Ճաճոյի Էդոյի» որդուն սպանած կնոջն արգելանքից ազատելու որոշում է կայացվել
«Ճաճոյի էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանած կնոջը՝ Լիանա Կիրակոսյանին արգելանքից ազատելու որոշում է կայացվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով քննիչը որոշում է կայացրել նրա կնոջը՝ Լիանա Կիրակոսյանին մեղադրանք առաջադրել ՀՀ ՔՕ 108-րդ հոդվածով. այն է՝ սպանություն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ: Քննիչը սպանվածի կնոջը արգելանքից ազատելու, ինչպես նաև մեղադրյալի և նրա բնակարանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու որոշում է կայացրել: Այս պահին նա հարցաքննվում է: Հիշեցնենք, որ Մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում`«Ճաճոյի Էդոյի» տանը, դի կա: Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել: Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:
