Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն: Նման կարծիք հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:Նա նշեց, որ սա նոր ծրագիր է, նոր գաղափարով, մարդասիրության ոլորտում նման ծրագրեր չեն եղել: «Մեր նման փոքր ազգն այսօր աշխարհին ներկայացնում է նոր գաղափարներ` կախված թե վերապրողների, թե նրանց սատար կանգնող հերոսների մասին: Այս թեմաների վրա աշխարհը քիչ է կենտրոնանում: Այսօր տեսնում ենք, որ Եվրոպայում խոսվում է փախստականների խնդիրների մասին, բայց մյուս կողմից կան մարդիկ, ովքեր վտանգում են իրենց կյանքը նրանց փրկելու համար: Ահա այս նյութերը քիչ են ներկայացվում, այդ մասին քիչ է խոսվում: Հուսամ Հայաստանը կդառնա այդ տեսակ շարժման կենտրոն: «Ավրորա»-ի կարևոր առաքելությունն այն է, վտանգի մեջ հայտնված մարդիկ հասկանան, որ մենակ չեն: Իրենց կողքին կան ուրիշները, որոնք պատրաստ են վտանգել իրեն կյանքը և փրկել նրանց: Դա պետք է փրկվելու հույս տա լքվածներին»,-ասաց Նուբար Աֆեյանը:
