Ամերիկացիները հարցեր ունեն տալու Պուտինին ու Էրդողանին

Պաշտոնական Անկարան խոստովանում է, որ Թուրքիան իր ներդրումն է ունեցել «ադրբեջանական հողերի ազատագրման գործում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մինչդեռ, Ալիևը մինչև վերջերս հայտարարում էր, թե Թուրքիան ներգրաված չի եղել պատերազմում:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ կունենա իրանցի պաշտոնակցի, երկրի նախագահի ու խորհրդարանի ղեկավարի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտադիր են քննարկել տարածաշրջանի անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ջեյհուն Բայրամովը Իրան մեկնելուց առաջ խորհրդակցել է Իսրայելի պաշտոնյաների հետ:

Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում Թեհրանը մի քանի անգամ դատապարտել էր սիրիացի վարձկանների ներգրավումը՝ պահանջելով անհապաղ դուրս բերել նրանց իր սահմանների մերձակա շրջաններից։ Սակայն իրավիճակը մնում է մտահոգիչ ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, այլև՝ Իրանի: Սիրիացի վարձկանները թուրքական «մահակ» են առաջին հերթին Իրանի համար, և սույն հանգամանքը կարող է լարում առաջացնել Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում:
Ի դեպ, նկատվում է, որ Միացյալ Նահանգներն ակտիվորեն մտել է կարգավորման գործընթացի մեջ, ավելի ճիշտ անհանգստացած է Ռուսաստանի և Թուրքիայի ակտիվությամբ ու ազդեցության մեծացմամբ Հարավային Կովկասում:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների հիմնական բանախոսն է եղել, և այդ լսումներին անդրադարձ եղավ նաև ԼՂ հակամարտությանը: Ինչպես հաղորդել է «Ամերիկայի ձայնը», պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացության մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում և խորապես ցավում մարդկային կյանքի կորուստների վերաբերյալ, ներառյալ բազմաթիվ խաղաղ բնակիչների: Մարդկանց կյանքերը հնարավոր չէ վերադարձնել, նշեց Ռիկերը:

«Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000- 2001 թթ.-ին Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- ընդգծել է Ռիկերը:

Նա կարևորել է Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում փխրուն խաղաղության պահպանման հարցում: Նրա կարծիքով դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, որոնք գրանցվեցին վերջին շրջանում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել»,- նշել է Ռիկերը:

Նա շեշտել է՝ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են: Մենք աշխատում ենք մյուս համանախագահ երկրների ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, ասել է պետքարտուղարի տեղակալը:

«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը:

Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Նա տեղեկացրեց, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ով այդ պահին Ժնևում էր Վրաստանի հետ կապված գործընթացի շուրջ հանդիպմանը մասնակցելու համար, շաբաթվա վերջում նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու և Երևան, ուր կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման և դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր: Մենք ուշադրությամբ կհետևենք այս գործընթացին և կշարունակենք բարձրացնել այս հարցերը այլ երկրների հետ քննարկումների ժամանակ, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:

«ԵԱՀԿ-ն այս առումով ճիշտ հարթակ է: Մենք պարզապես կարող ենք հուսալ, որ տևական խաղաղության կհասնենք, որպեսզի ստիպված չլինենք ականատես լինելու մարդկային նոր կորուստների և քաղաքացիական բնակչության տառապանքների, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- նշել է Ռիկերը: Ռիկերը տեղեկացրել է, որ ԱՄՆ միջոցներ է հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ սերտ կապ պահպանել ամերիկացի օրենսդիրների գրասենյակների և Հելսինկյան հանձնաժողովի հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2544 անգամ
Լրահոս
«Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am