Արդյունավետ կգործի, եթե անկախ լինի. Սվիտալսկին՝ հակակոռուպցիոն մարմնի մասին
Այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ասաց, որ իրենք կխրախուսեն ԱԺ-ին մարդու իրավունքների հարցը ներառել իրենց օրակարգում:ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ նախորդ շաբաթ, երբ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը Երեւանում էր, Ազգային ժողովում հանդիպման ժամանակ ԵԽ պատգամավորները բարձրացրել են Հայաստանում մարդու իրավունքների մասին հարցերը, իսկ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին առաջարկներ ու կոչեր է արել ԱԺ նախագահին, փոխնախագահին եւ խմբակցությունների ղեկավարներին: Խոսելով Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշեց, որ իրենք հավատում են, թե այդ մարմնի ստեղծումն արդեն իսկ դրական առաջընթաց է, և ինքն անձամբ խրախուսում է նման մարմնի ստեղծումը. «Իհարկե շատ կարեւոր է, որ այդ մարմինն անկախ լինի և չկառավարվի որևէ մեկի կողմից: ԵՄ-ն և անձամբ ես խրախուսում ենք այսպիսի մարմնի ստեղծումը: Հակակոռուպցիոն մարմինը արդյունավետ կլինի, եթե այն գործի անկախ: Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի անկախության մասին կդատենք նրա գործողություններից»։
