Կա´մ Ադրբեջանով, կա´մ Հայաստանով
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե Իրանի հետ բանակցություններում, որը վերաբերել է Իրանի ու Վրաստանի միջև համագործակցությանը, քննարկվել են Վրաստան իրանական նավթի մատակարարման ու նավթաքիմիական արտադրանքի արտադրության նախագծերի համատեղ ներդրումների հարցեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Կախա Կալաձեն նշել է, որ ներկայում ուսումնասիրվում են իրանական նավթը Վրաստան հասցնելու արտահանման դետալները: Վրաստանի էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կզարգանան: Նա նաև հայտնել է, որ ներկայում քննարկվում են Վրաստան իրանական գազի ապագա մատակարարումների ծավալներն ու գազի գինը: Ինչպես ասել է՝ կա իրանական գազը Վրաստան հասցնելու երկու տարբերակ՝ կա´մ Ադրբեջանով, կա´մ Հայաստանով:
