Ի խորոց սրտի, Գուրգեն Եղիազարյանի հիշատակին

Ծանր է ու ցավալի, որ մի մարդու մասին, ով Գուրգեն Եղիազարյանն է, ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով, քանզի աշխարհի և Աստծու օրենքն է ստիպում այդպես վարվել, քանզի այլևս մեզ հետ չէ մեր շատ սիրելի, հարգված, շատերի կողմից պաշտելի հարազատը, բարեկամը և ընկերը…

Անողոք մահը, որի դեմ անզոր են մարդկային միտքն ու ուժը, մեզանից հեռացրեց մի անձնավորության, ով այնքան շատ էր սիրում կյանքը, աշխարհը։ Սիրում էր ոչ թե նրա վայելքներից օգտվելու, այլ փոխադարձաբար իր ունեցածն էլ աշխարհին, տվյալ դեպքում՝ մեր ազգին, վերադարձնելու համար։ Իսկ ի՞նչ էին դրանք, որ նա ուներ։

Բարություն, հոգատարություն, կենսուրախություն և պարկեշտություն, խոր գիտելիք գիտության և մշակույթի բոլոր բնագավառներից․․․

Բնավորությամբ անմիջական էր, մտքով՝ պայծառ և խոհուն, աշխատանքի մեջ՝ ստեղծագործող։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք՝ նորարար։ Բարեխիղճ էր, մարդկային հարաբերություններում՝ գերազնիվ։ Հյուրամեծար էր, ուրախությունների ժամանակ՝ չափավոր, բայց անկեղծ ուրախացող։ Օգնող էր, դժվարությունների պահին` իր հնարավորությունների չափով ձեռք մեկնող, նվիրված ու հոգատար ամուսին, հայր, եղբայր, բարեկամ և ընկեր։

Աչքի էր ընկնում բարձր մտահորիզոնով, իսկ զրույցների ժամանակ՝ արտաքին փայլով և իմաստնությամբ։

Իր հավատի, մարդասիրության ու հիշյալ մյուս բարձր արժանիքների շնորհիվ նա վաստակել էր ոչ միայն իրեն ճանաչողների, այլև իր խոսքը ունկնդրող մոտիկ և հեռավոր հայրենակիցների սերն ու հարգանքը։

Գուրգենը այն արժանավոր հայորդիներից էր, որոնց կարիքը շատ է զգում հայ ժողովուրդը։ Մանավանդ այս օրերին, երբ Հայաստանը տարածքային հսկայական կորուստներ ունեցավ, և հիմա հայ ազգը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, երբ դրված է մինչև անգամ իր սեփական հայրենիքում նրա լինել֊չլինելու հարցը։
Նա ամիսներ առաջ այս մասին ահազանգելով՝ քանիցս բարձրաձայնեց Հայաստանի ապիկար իշխանություններին, որպեսզի նրանք լրջորեն գնահատեն իրավիճակը և քայլեր ձեռնարկեն դիմակայելու առաջիկայում սպասվելիք աղետին։

Սակայն նրա խոսքը մնաց որպես ձայն բարբառո անապատի։ Եվ դա այն դեպքում, երբ նրան լսում էին հազարավորներ և հասկանում նրա մտահոգությունները։ Չէին լսում միայն նրանք, ովքեր պարտավոր էին լսել և իմանալ վերահաս վտանգի մասին, հետևություններ անել, գնահատել իրավիճակը և ապահովել երկրի սահմանների անձեռնմխելիությունը։

Ցավոք սրտի, Գուրգեն Եղիազարյանն այլևս չի կարող բարձրաձայնել հետագա վտանգների մասին, բայց դա չի նշանակում, թե պետք է էշի ականջում քնել, հետևություններ չանել և պատրաստվել դիմակայելու գալիք նոր մարտահրավերներին։
Գուրգեն Եղիազարյանը ծնված չէր քաղաքագետ դառնալու համար։ Նա ավելի մեծ առաքելություն ուներ իր մասնագիտության՝ քրեական հետախուզության բնագավառում, հետաքրքիր, նուրբ և կարևոր քրեական գաղտնիքներ բացահայտումներով։ Սակայն, որպես սրտացավ հայորդի, նա չէր կարող մի կողմ քաշվել և կողքից տեսնել, թե ինչպես են կողոպտում իր հայրենիքը, ինչպես են վատնում ազգային ունեցվածքն ու երկրի բարիքները, ինչպես են քաղաքականությունից հեռու ապաշնորհները վարում երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը․․․

Մի քանի կենսագրական տեղեկություններ․․․

Ծնվել է Երևանում 1948 թվականին։

Հայրը՝ Համբարձում Եղիազարյանը, մասնագիտությամբ պատմաբան, բարձր պաշտոններ է վարել, եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն։

Մայրը՝ Շուշան Եղիազարյանը, ստացել էր մանկավարժի մասնագիտություն:

Գուրգենը ընտանիքի երրորդ զավակն էր՝ Դոնարայից և Աիդայից հետո․․․

Ունի ևս երկու քույր՝ Կարինեն և Նարինեն։

Կինը Վարդուհի Դուրքարյանն է։

Ունի երեք զավակ՝ Համբարձումը, Շահենը և Գարեգինը․․․

Դժվար տարիներ էին, բոլոր երեխաները չէ, որ ունեին անհոգ մանկություն, ապահովված էին ընտանեկան այն ջերմությամբ ու հոգատարությամբ, որ տիրում էր Եղիազարյանների ընտանիքում։ Ծնողների ջանքերը տվեցին իրենց արդյունքը, և զավակները ստանալով լիարժեք կրթություն՝ դարձան տարբեր բնագավառների բարձրորակ մասնագետներ։
Գուրգենը ավարտելով Երևանի Համալսարան տնտեսագիտության բաժանմունքը՝ սկզբում աշխատել է տնտեսագիտության բնագավառում, ապա շատ ժամանակ չանցած՝ աշխատանքի է ընդունվել իր երազած բնագավառում՝ Ներքին Գործերի քրեական հետախուզության բաժնում, որտեղ էլ ցուցաբերած մասնագիտական ընդունակությունների, բարձր արդյունքների, ջանասիրության ու արտակարգ աշխատասիրության շնորհիվ քայլ առ քայլ առաջ է քաշվել մինչև ոստիկանության շրջանային բաժանմունքի պետի ու Ներքին Գործերի Յոթերորդ վարչության ղեկավարի պաշտոնին։

Մինչ այդ, դեռ Խորհրդային իշխանության տարիներին նա գործուղվեց Մոսկվա՝ Ներքին Գործերի Ակադեմիայում ուսանելու։ Դրանից հետո, արդեն Հայաստանի անկախության առաջին տարիներին, ըստ գործող օրենքի, նա պետք է ստանար Ներքին Գործերի Նախարարության գեներալի կոչում, որը, սակայն, զլացան շնորհել նրան, ըստ երևույթին, այն սուր քննադատությունների պատճառով, որոնք հաճախ էր հնչեցնում նա իշխանության հասցեին, նույնիսկ այն ժամանակ, երբ բարձր պաշտոններ էր զբաղեցնում։
Մի երկու խոսք նրա գրական գործունեության մասին․․․

Գուրգեն Եղիազարյանը ընթերցողին Հայտնի է «Բորենին» խորիմաստ, ինքնատիպ վեպով, որի հերոսը, ինչպես տեսնում ենք, թեև վեպում զոհաբերվում է հանուն ազգի հարատևման, բայց, ցավոք, դեռ ապրում է ներկա իշխողների, նիկոլների և այլոց մեջ։ Այդ կերպարը, որի մեջ խտացված են հայ ազգի ձախողված ղեկավարների ու քաղաքական գործիչների բոլոր բացասական գծերը, գրքում ներկայացված է երգիծական գծերով։

Այստեղ նույնպես երևում է շնորհաշատ արձակագրի երգիծելու ձիրքը։ Գուրգենի գրչի տակ վեպի հերոսը իսպառ դիմազրկվելով՝ ներկայանում է որպես ոչնչություն։
Կարդում ես այս գիրքը և համոզվում, թե ինչքան տականքներ կան մեր ազգի մեջ, որոնք նույնիսկ հետևորդներ ունեն, և որոնցից այնքան էլ հեշտ չէ ազատվելը։

Մեր մոտիկ անցյալի և ներկա քաղաքական կյանքի վերաբերյալ Գուրգեն Եղիազարյանը ունի տարբեր գեղարվեստական երկեր։ Նույնպիսի սարկազմով է գրված «Նախախնամություն» վիպակը։ Լույս են տեսել հետաքրքիր դիտարկումներով և գեղարվեստական լուծումներով նովելներ ու պատմվածքներ, չարաբաստիկ հոկտեմբերի 27-ի ազգային ողբերգության մասին պատմող վեպ և բազմաթիվ հոդվածներ։

Մեզ հնարավորություն է տրված արտաՀայտվելու մեր գրականության մեջ իր տեսակով ու բովանդակությամբ դեռեւս իր նախորդը չունեցող մի վեպի մասին։ 2011 թվականին է լույս տեսել այն՝ «Արեգակի զավակը» վեպը, որը Գուրգենը նվիրել է Հայրենիքի զոհասեղանին իր կյանքը դրած վրիժառու Շահան Նաթալիի անմահ հիշատակին:
Գիրքը պատմում է Մեծ Եղեռնի և Հետագա տարիներին Հայ վրիժառուների մղած արդար պայքարի մասին: Վեպում ընդգրկված է Հարյուրամյա մի ժամանակահատված՝ Եղեռնից մինչև Արցախյան ազատամարտ:

Անսպառ երևակայությամբ, մտքի սլացիկությամբ ստեղծված արագ փոփոխվող դրվագներում Հեղինակը ընթերցողին տեղափոխում է դեպքերի Հորձանուտ և մասնակից դարձնում գլխավոր Հերոսի՝ երզնկացի Արամի ու մյուս նվիրյալների սխրանքներին, որոնց կյանքն ու գործելակերպը դաս է նրանց համար, ում երակներում հոսում է հայի արյունը:
Վեպի գլխավոր Հերոսը իր մեջ խտացնում է Շահան Նաթալիի, Սողոմոն Թեհլերյանի, Գրիգոր Յանիկյանի, Լիսբոնում նահատակված տղաների, ԱՍԱԼԱ-ի` Հայ Ազգային Բանակի քաջարի Արեգակի զավակների, Մոնթեի, մաՀապարտների Հրամանատար Ալեքսանդր Թամանյանի և այն անթիվ նվիրյալ Հայորդիների կերպարները, ովքեր պայքարեցին ազգի արդար իրավունքների Համար։

Իր գործունեությամբ Գուրգենը ինքն էլ մի Արեգակի զավակ էր։ Բայց նա, հանձին Արամի, նկատի է ունեցել նաև իր պապին՝ Ստեփան Եղիազարյանին, մի առասպելական անձնավորության, որը երկու Հարյուր Հիսուն կամավորների Արևելյան Հայաստանի Գարդման գավառի Չարդախլու գյուղից առաջնորդել է Զեյթունի Հերոսամարտին մասնակցելու: Վերադարձին, Ամենայն Հայոց կաթողիկոսը Էջմիածնում պատարագ է մատուցել այդ խմբի նահատակ մարտիկների Համար: Ստեփանը եղել է Անդրանիկ զորավարի Հարյուրապետներից, անցել է Եղեռնի սարսափների միջով, ինչպես Արևմտյան, այնպես և Արևելյան Հայաստանում, փրկել է անօգնական Հայերին ոսոխի յաթաղանից՝ այդ կերպ ծառայելով իր ժողովրդին: 1916–ին նա թուրքաթափեց Գարդման գավառի Աթաբեկ գյուղը՝ այն վերադարձնելով հայերին:

Գուրգեն Եղիազարյանի այս վեպը պետք է որ իր արժանի տեղը գտնի հայ գրականության և մեր ազգի Հատկապես նոր սերնդի մեջ․․․

Գուրգենը բանասեր չէր, բայց հրաշալի արձակագիր էր, բժիշկ չէր, բայց գիտեր ինչպես օգնել հիվանդին։ Հոգեթերապևտ չէր, բայց տիրապետում էր արևելյան ժողովրդական բժշկությանը։ Կենսաբան չէր, բայց յուրացրել էր կենդանական աշխարհի շատ կողմերով, աստվածաբան չէր, բայց գիտեր բոլոր կրոնների, առավել ևս մեր հին ու նոր հավատքի մասին։

Ասում են հոգեկան աշխարհի էակները իրենց գերզգայունությամբ տարբերվում են երկրայիններից, քանզի նրանք միանման են, նրանց միտքը անսահման է և հասու ամեն ինչի։ Իսկ եթե ոչ` ապա մենք հավատում ենք, որ դու այնտեղ էլ կփայլես քո առանձնակի բնավորությամբ, դու այնտեղ էլ կլինես ամենքի հետ բարեկամ, քեզ հատուկ ջերմությամբ կխոսես բարության և առաքինության մասին, քանզի դրանք սկզբունքներ էին, որոնց անդավաճան և անմնացորդ նվիրվեցիր մինչև կյանքիդ վերջին պահը:

Դու երկրային կյանքում հարուստ մարդ ես եղել և թողել ես այնտեղ ոչ թե դղյակներ ու ադամանդներ, այլ բարի անուն։

Դու բացառիկ կյանքով լեցուն այր էիր, հայր, եղբայր, պապիկ և ընկեր…

Մնաս բարով, մեր սիրելի Գուրգեն…

 

դիտվել է 6783 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am