Կասկածելի է, թե ինչ գնահատումներ են կատարվել. սեփականատիրոջ ներկայացուցիչը փորձաքննություն է պահանջում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր «Դոլմամա» ռեստորանի տարածքն օտարելու վերաբերյալ հայցի քննությունը: «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը թվով 4 հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ժիրայր Ավանյանի և նրա կնոջ, որոնք վերաբերում են նույն տարածքում գտնվող մի քանի տարածքների սեփականության օտարմանը: Դատարանում Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենց կողմից վիճարկվում է այս գործով փոխհատուցման չափը, կասկածի տակ է առնվում հայցվոր կողմի վարձած գնահատող ընկերության կողմից տրված եզրակացությունը, մասնավորապես` հայցադիմումի առարկա հանդիսացող տարածքները 2014թ. նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատվել են 56 մլն 700 հազար դրամ, այնուհետև 2015թ. ապրիլի 3-ի դրությամբ՝ 65 մլն 200 հազար դրամ: «Գնի նման աճ չէր կարող տեղի ունենալ, հետևաբար, կասկածելի է, թե ինչ գնահատումներ են կատարվել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Հայցվոր «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այս քաղաքացիական գործը դատարանի վարույթում քննվում է նախորդ տարվա մայիս ամսից, կողմը զրկված չի եղել այդ ապացույցը ներկայացնելու հնարավորությունից, այժմ գործը դատաքննության փուլում է, սակայն կողմը չհիմնավորեց, թե ինչով էր պայմանավորված այդ ապացույցը չներկայացնելը: Տիգրան Աթանեսյանը միջնորդեց նաև 3 քաղաքացիական գործերը միացնել մեկ վարույթում: «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն այս միջնորդությանը դեմ չառարկեց՝ նշելով, որ իրենք էլ են կարծում, որ գործերն անհրաժեշտ է միացնել մեկ վարույթում, դա կնպաստի արդարադատության արդյունավետությանը:Հայցվոր «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հետաքրքրվեց, թե այս գործընթացը «Դոլմամա» ՍՊԸ-ի ո՞ր իրավունքներին ու շահերին է վերաբերում: Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դա ևս գույքային իրավունք է, որը դադարեցվելու է հայցադիմումը բավարարելու դեպքում, և նման պայմաններում ՍՊԸ-ն կարող է ունենալ փոխհատուցում ստանալու պահանջ: Դատավորը ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու պատճառաբանությամբ հետաձգեց գործի քննությունը: Կողմերին լրացուցիչ կտեղեկացվի դատական նիստի օրվա մասին:
