Իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, նման բան չեղավ. Վարդան Հարությունյան
Ոչ միայն հարկայինում, այլև ընդհանուր համակարգում կրճատումներ են լինում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից մինչ օրս աշխատանքից ազատվել է 200-ից ավելի աշխատակից: Դիտարկմանը, թե հաստիքներն ուռճացվա՞ծ էին, կրճատումները դրա՞ համար են արվում, Վարդան Հարությունյանը պատասխանել է. «Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել: Դա ոչ թե կախված է նրա հետ, որ նախկինում ուռճացված է եղել` նման բան չկա: Ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչը համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»,-նշել է նա: Դիտարկմանը, թե ասում են, որ ձեր կադրերին եք բերում ՊԵԿ համակարգ, Հարությունյանը պատասխանեց, որ այդ տեղեկությունները չեն հապատասխանում իրականությանը. «Ոորովհետև իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, բայց նման բան չեղավ, իրականում չկա նման աշխատակից»:
