Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի դիագնոզը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը պատերազմի, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերլուծություն էր, նաև Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզ։

Ըստ Քոչարյանի՝ օրվա իշխանությունն արել է ամեն ինչ, որ պատերազմը դառնա անխուսափելի․ ըստ էության, հայկական կողմը պաշտպանության նախարարի միջոցով հնչեցրել է Ադրբեջանի նկատմամբ այնպիսի սպառնալիք /նոր պատերազմ, նոր տարածքներ/, որի չեզոքացման ամենակարճ ճանապարհը Թուրքիայի ներգրավումն էր, ինչը և եղավ։ Իսկ հարցին, թե ի՞նչ կաներ ինքը, եթե լիներ նախագահ, և պատերազմ սկսվեր, պատասխանել է․ «Առաջինը, եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի, չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա, ի դեպ, խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»:

Քոչարյանը ներկայացրել է պատերազմի ժամանակ կառավարման բացթողումներն ու վարչապետի անհեռատես քայլերը, մասնավորապես սպառազինություն ձեռք բերելու հարցում․ «Օրինակ՝ 120 մլն դոլար պարգևավճարի փոխարեն՝ պետք էր այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆեկտիվ են անօդաչու սարքերի դեմ՝ ՏՈՌ համակարգերը։ Ակնհայտ է, որ գնվեցին ՍՈՒ 30-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, մեկ մարտական թռիչք չի եղել։ Չեն գնել հրթիռներ… Սու 30-ի հետ չեն եղել և չէին կարող լինել հրթիռներ։ Պարզվում է, ինչպես ասաց նաև Մովսես Հակոբյանը, կա ՌԴ կառավարության որոշում, որ այդ տիպի հրթիռները չեն կարող վաճառել երկրից դուրս։ Եթե չգնեին այն մետաղի ջարդոն «ОСА АК»-ները, 30 թե 40 տարվա, որոնք ուղղակի չաշխատեցին։ Այդ գումարները կային, կար պայմանավորվածություն Ռուսաստանի հետ ՏՈՌ համակարգերի համար, բայց մեկ մարդու որոշումով այդ ամենը փոխվեց։ Պարգևավճարները վարչապետի որոշումով բաժանեցին, ՍՈՒ 30-երը գնեցին վարչապետի որոշումով, մինչդեռ այդ գումարը նախատեսված էր ՏՈՌ համակարգի համար։ Եվ ակնհայտ է, որ այդ կոռուպցիոն գործարքը՝ ОСА-ների համար, ևս վարչապետի գիտությամբ էր կայացվել։

Ըստ էության՝ մենք ճիշտ որոշման արդյունքում ի վիճակի էինք լիարժեք փակել օդը։ Երկրորդ` ամենից կոպիտ սխալներից մեկն այն փաստն է, որ երրորդ օրը դադարեցրել են համալրումը կանոնավոր բանակի՝ անցում կատարելով ջոկատային համակարգի։ Խայտառակություն էր։ Ես այդ ժամանակ Ղարաբաղում եմ եղել և տեսնում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց ես միայն վերջերս իմացա, որ վարչապետի հատուկ որոշում կար դրա համար։ Մենք 1992-94 թթ․ պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի։ 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։ Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, ընդհանրապես անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություններ թույլ տա իրեն նման ճակատագրական պահին։ Ջոկատներն իրենց տեղը պետք է ունենան, և կային ջոկատներ, որոնք իսկապես շատ լավ են կռվել, բայց ջոկատը պետք է համալրի ինչ-որ բան, այլ ոչ թե փոխարինի կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր և, կարծում եմ, պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը»։

Քոչարյանը նշել է նաև, թե իր՝ Արցախում գտնվելու ժամանակ, փորձել է հանդիպել Արցախի նախագահի հետ, որպեսզի նրան մի քանի առաջարկ ներկայացնի, թե ինչպես կարելի է պատերազմն օր առաջ կանգնեցնել, սակայն Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպումից՝ թերևս վախենալով, թե Նիկոլ Փաշինյանն իրեն չի ներելու այդ քայլի համար։ Չի օգտագործվել ողջ ներուժը՝ Արցախյան նախորդ պատերազմի լեգենդար հրամանատարներին դուրս են հրավիրել հրամանատարական կետից՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Քոչարյանի խոսքով՝ բացարձակ սուտ է, որ նախկին ղեկավարությունը բանակցային վատ պայմաններ է թողել Նիկոլ Փաշինյանին։ Հիմնական խնդիրը եղել է այն, որ Փաշինյանը որոշեց բանակցությունները սկսել իր կետից։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է տեսնում հաջորդ իշխանությանը, և անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարած անցումային ժամանակավոր կառավարությանն ու Վազգեն Մանուկյանի վարչապետության թեկնածությանը՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Մանուկյանի թեկնածությունն ընդունելի է։ Նա նաև կոչ է արել իր բոլոր համակիրներին՝ սատարել ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեռացմանն ու հետագա ճակատագրին․ «Պատմության մեջ հիշում եմ մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Դա Իրաքի առաջին պատերազմն էր 1991 թվականին։ Սադամ Հուսեյնը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Հետո վատ ավարտեց՝ կախեցին։ Հիմա օրինաչափությունը սա է՝ պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի։ Վարչապետի դեմքը մարմնավորում է մեր խայտառակ պարտությունը։ Իր՝ ամեն անգամ լայվ դուրս գալով, ամեն անգամ էկրանին երևալով կամ ֆեյսբուքում մի պոստ դնելով՝ ինքն իր դեմքով հիշեցնում է, որ մենք պարտված ազգ ենք, ամեն մի զոհված ընտանիքի հիշեցնում է՝ ով է մեղավոր այդ զոհերի համար։ Եվ ժողովրդին, պետությանն ազատելու համար այդ բեռից, ինքը պետք է հեռանա։ Ինքն իր դեմքով մարմնավորում է պարտությունը։ Այլ կերպ չի կարող լինել։

Հոգեբանները լավ գիտեն, որ երբ հանցագործի նկարը ցույց են տալիս զոհին, նույնիսկ նկարին նայելով՝ զոհը գրեթե նույն ցավն է ապրում։ Հիմա մեր վարչապետի դեմքն այդ ցավն է, մենք դատապարտված ենք ամեն օր այդ ցավը վերապրե՞լ։ Գոնե ժողովրդի նկատմամբ, եթե մի փոքր հարգանք ունես, հեռացիր։ Երաշխիքնե՞ր են պետք քո անվտանգության, ասա՛, որ երաշխիքներ պետք է տալ, այդ, այսպես ասած՝ «հումանիտար միջանցքը» պետք է տալ։ Թիմ կոչեցյալ մարդիկ պետք է հասկանան, որ Հուսեյնի պես չեն կախելու։ Բայց հեռացիր, ուղղակի ազատեք այս ժողովրդին ձեր կերպարներից։ Սա օրվա պահանջ է»,- նշել է Քոչարյանը։

Այսինքն՝ Քոչարյանը շատ հստակ ասել է, որ հեռացումն անխուսափելի է․ դեռ ժամանակ և հնարավորություն կա, որ իմքայլականները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեռանան հումանիտար ճանապարհով։ Դրա այլընտրանքը Սադամ Հուսեյնի ճակատագիրն է։ Իսկ ընտրության իրավունք ունեն բոլորը և միշտ։ Ճիշտ և ժամանակին կողոմնորոշվելն ու խելացի քայլ անելը ևս, ի դեպ, քաղաքական հմտություն է, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ դիագնոզ։ Պետք է արձանագրել, որ պատերազմի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի խոսքը առ այսօր հնչած միակ փաստարկված, կուռ ու տրամաբանական վերլուծությունն էր՝ պետական և ազգային գործչին հատուկ խիստ, բայց խարիզմատիկ տոնայնությամբ։

 

 Հայկ  Դավթյան

 

 

 

դիտվել է 8984 անգամ
Լրահոս
Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում ՌԴ-ում կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու ․ Վեհափառ Հայրապետ Վեհափառը քաղաքացիների հետ երթով հասավ Մայր Տաճար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am