Ստամբուլում կան 30-ից ավելի եկեղեցիներ. չեն բացառվում նոր դեմքեր
«Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարականից հետո Ստամբուլում հայ համայնքը սպասում է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերադարձին: «Մարտի 15-ին, երբ հայտնի եղան տեղապահի ընտրությունների արդյունքները, մենք սպասում էինք, որ Արամ Աթեշյանն այս քայլին կդիմեր: Նա նշում էր, որ պետությունը չի ճանաչում տեղապահի ընտրությունը, հետևաբար շարունակում էր մնալ իր աթոռին: Ստամբուլ ժամանելուց հետո Գարեգին Բեքչյանի առաջին գործը պետք է լինի հանձնախումբ կազմելը: Դրա ձևավորումից հետո էլ պետք է հստակեցվեն թեկնածուները, այնուհետև կճշտվի ընտրատարածքների համապատասխան պատգամավորների թիվը: Սովորաբար ամեն եկեղեցի ընտրատարածք է համարվում, Ստամբուլում կան 30-ից ավելի եկեղեցիներ: Սեպուհ Չուլջյանը, Արամ Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը, Սահակ Մաշալյանը հավանական թեկնածուներ են. չեն բացառվում նոր դեմքեր»,-նշեց Բագրատ Էստուկյանը:
