Պահը կրիտիկական է․ պետք է ստիպենք, որ Ադրբեջանը վերադարձնի մեր գերիներին․ Արմեն Գրիգորյան (video)
Քանի որ Հայաստանում այսօր չկա իշխանություն, պետք է լուծել ամենակարեւոր հարցը, վերադարձնել գերիներին եւ վերադարձնել զոհված զինվորների դիերը: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, Ազնավուրի հրապարակում մտավորականների ակցիայի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
«Մենք կարծում ենք՝ ժամանակն է, որ արթնանան հասարակ մարդիկ, մենք պետք է անենք այն, ինչը չեն անում ուրիշները: Հիմա կարող եք հարցնել՝ ես ի՞նչ անեմ, ո՞նց օգնեմ, որ զոհվածների դիերը բերեն, որ ադրբեջանցիները կատարեն իրենց պատրականությունները և վերադարձնեն մեր գերիներին, ասեմ՝ ես դիմում եմ ոչ միայն այստեղ հավաքված քաղաքացիներին, այլ նաև բոլոր հայերին, որոնք տարբեր երկրներում են ապրում:
Երկուշաբթի օրվանից դիմեք ձեր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ին, Կարմիր խաչին` խնդրանքով, որ ստիպեն Ադրբեջանին՝ կատարել իրենց պարտականությունը և վերադարձնեն գերիներին: Երկուշաբթի օրվանից այդ կազմակերպությունների էլեկտրոնային փոստերը պետք է պայթեն ձեր նամակներից»,-ասաց նա:
