Մաքսակետի ձերբակալված պետը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալն է
Այսօր ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը, սակայն հաղորդագրության մեջ անունը նշված չէ: Ձերբակալվածը Երեմ Մարգարյանն է: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել է 2016 թվականին դեկտեմբերի 2-ին: Մարգարյանը մաքսային ծառայության հնաբնակներից է եւ մինչ մաքսակետի պետ նշանակվելը բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում:Ըստ մամուլի հրապարակումների, իր կարիերայի համար Երեմ Մարգարյանը պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հենց վերջինս է եղել նրա հովանավորը տարիներ շարունակ:2012 թվականին Բեյբությանը ազատվել է այդ պաշտոնից, եւ հիմա զբաղեցնում է առողջապահական պետական տեսչության Երեւանի տարածքային կենտրոնի պետի պաշտոնը: Մոտ 16 տարի ՊԵԿ-ում աշխատելու շնորհիվ, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, նա հասցրել է ահռելի կարողություններ կուտակել: Բեյբությանի հովանավորն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանն է: Մամուլի հրապարակումների համաձայն Բեյբությանի հետ են կապվում «Պալերմո», «Նեքսթ», «Ալդո», «Ռիվեր Այլենդ» խանութները:
