Թուրքիայի նոր նույնականացման քարտերի վրա կրոնն այլևս չի նշվի
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը , Թուրքիայում տրամադրվելիք նոր նույնականացման քարտերի վրա այսուհետ պարտադիր կերպով նշված չի լինի տվյալ անձի կրոնական պատկանելությունը: Նույնականացման քարտերում կրոնական պատկանելությունը կարող է նշվել միայն տվյալ անձի կողմից ցանկության առկայության դեպքում,հաշվի առնելով այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը: Ընդ որում, այդ պարագայում կրոնը նշվելու է ոչ թե անմիջապես քարտի, այլ դրա էլեկտրոնային չիպի վրա: Ավելի վաղ թուրքական խորհրդարանում նույնականացման քարտի վրա կրոնական պատկանելության նշումը հանելու պահանջ էր ներկայացրել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ անդամ Գարո Փայլանը: Վերջինիս հարցմանն ի պատասխան Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ նոր նույնականացման քարտերում «կրոնի կոդն» այլևս չի նշվելու: Նույնականացման նոր քարտերը Թուրքիայի քաղաքացիներին կտրամադրվեն առաջիկա երեք տարիների ընթացքում:
