«Սև կատու» անցա՞վ Մոսկվայի և Բաքվի միջև
Վերջերս մի ուշագրավ տեղեկատվություն տարածվեց: Պաշտոնական Բաքուն դատապարտում և քաղաքական որոշում որակեց Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարումը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը, «ոչ-բարեկամական քայլ» որակելով բարեկամ Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը, հայտարարեց, թե այդ կերպ Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը: «Այդ ամենը կարող է բացասաբար ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի ստանձնած միջնորդական դերի վրա», - մասնավորապես ասել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, հայտնում էր «Ազատությունը»։ Ռուսաստանում ադրբեջանական կառույցը չեղարկելու հայցով երկրի Գերագույն դատարան էր դիմել արդարադատության նախարարությունը, պնդելով, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին: 2001-ին ստեղծված և ավելի քանի երկու միլիոն ադրբեջանցիների միավորող կազմակերպությունը Ռուսաստանում լուծարելու որոշումը Ադրբեջանի իշխող վերնախավում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել։ Ռուսաստանի հասցեին ավանդաբար գովեստի խոսքեր շռայլող Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն այժմ չեն թաքցնում իրենց զայրույթը: «Մենք երբեք չենք արել մի բան, որը կհակասեր Ռուսաստանի շահերին։ Միլի մեջլիսը պետք է պաշտոնական հայտարարություն ընդունի այդ կապակցությամբ։ Ի՞նչ է այդ ամենը նշանակում՝ որ Ռուսաստանում բոլոր հարցերը լուծել էին, մնացել էր ադրբեջանական կազմակերպության հա՞րցը», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։ Իշխող ուժի ներկայացուցիչը, ի պատասխան, խոստանում է դիմել պաշտոնական մարմիններին՝ Ադրբեջանում գործող ռուսաստանյան կենտրոններին և համայնքին վերաբերող թղթաբանությունը ստուգելու պահանջով։ Ադրբեջանի վերլուծական շրջանակներում պատահական չեն համարում պաշտոնական Բաքվի նման կոշտ արձագանքը տեղի ունեցածին։ Ռուսաստանի տասնյակ մարզերում գրասենյակներ ունեցող կառույցը, որի գործունեության առանցքը ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ամրապնդումն է, հիմնադրվել է Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ։ Կոնգրեսի անդրանիկ նիստին անձամբ ներկա է եղել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանում ադրբեջանական դեսպանության և առհասարակ պաշտոնական Բաքվի աջակցությունը վայելող կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվել է մշակութային, կրթական, տնտեսական ծրագրերով։ Բացի այդ, ինչպես նշվում է Կոնգրեսի կայքում, կառույցը լուրջ ուշադրություն էր հատկացնում Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների սոցիալական շահերի և իրավունքների պաշտպանությանը։ Կոնգրեսն իր գործունեության առաջին իսկ օրվանից ստացել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների աջակցությունը, նաև ասվում էր ադրբեջանական կառույցի կայքէջում։ Նկատենք, որ Ռուսաստանի գերագույն դատարանը բավարարել է արդարադատության նախարարության հայցը՝ չեղարկել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության գրանցումը: Ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին: «Դատարանի այս որոշումը կարող է խաթարել ադրբեջանական համայնքի հավատը Մոսկվայի նկատմամբ՝ որպես անաչառ միջնորդի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - հայտարարել է Ադրբեջանի պետական սփյուռքի հարցերով զբաղվող կոմիտեն: Իսկ ահա Մոսկվան «անընդունելի» է համարում Բաքվի վերջին հայտարարությունները: Ռուսաստանի արտգործնախարարությունն անընդունելի է որակել պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, թե «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելով՝ Ռուսաստանի գերագույն դատարանը քաղաքական որոշում է կայացրել: «Մոսկվան ադրբեջանցիների կասկածելի խորհուրդների կարիքը չունի՝ իր երկրի ներսում ազգամիջյան քաղաքականությանը վերաբերող հարցերում», ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Տարօրինակ է, երբ Ռուսաստանի դատարանի որոշումը՝ կայացված Ռուսաստանում գրանցված կազմակերպության նկատմամբ, գնահատվում է՝ որպես ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ, և իհարկե՝ ցավալի է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձրաձայնում է դա ու այս ամենի հետևում կրկին հայկական հետք է տեսնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նշենք, որ Ռուսաստանում գրանցված ադրբեջանական կազմակերպությունը չեղարկելու հայցով ՌԴ գերագույն դատարան էր դիմել Արդարադատության նախարարությունը, պնդելով, որ այդ կառույցի գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում ռուսաստանյան օրենսդրությանը: Ադրբեջանի արտգործնախարարությունը, մինչդեռ, ռուսաստանյան դատարանի որոշումը ոչ բարեկամական էր գնահատել՝ պնդելով, թե այդ քայլով Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը: Մետաքսյա Շալունց
