Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են. ԱՆ
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%): Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի բնակչության շրջանում նշված հիվանդությունների ռիսկի գործոնները պարզելու նպատակով 2015 թվականից առաջին անգամ իրականացվում է ռիսկի գործոնների ուսումնասիրություն՝ ըստ առանձին հիվանդությունների: Արդյունքում՝ մեր բնակչության համար շաքարային դիաբետի առավել տարածված ռիսկի գործոններն են հանդիսացել ավելորդ քաշը և ճարպակալումը (87.3%), անբավարար ֆիզիկական ակտիվությունը (46%), սրտամկանի սուր ինֆարկտինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (34.7%, ընդ որում` տղամարդկանց շրջանում՝ 66.7%), ծխախոտի օգտագործումը (30.7%), ֆիզիկական ցածր ակտիվությունը (24%), կրծքագեղձի քաղցկեղինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (49%), ցածր ֆիզիկական ակտիվությունը (35.7 %), ժառանգական նախատրամադրվածությունը (21.4%): Ուսումնասիրության արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ առողջության հիմնական գրավականն առողջ ապրելակերպն է։ Նշված հիվանդությունների առավել տարածված ռիսկի գործոնների՝ ավելորդ քաշի և ճարպակալման, ցածր ֆիզիկական ակտիվության կանխարգելումը կարող է շատ-շատերին ապահովագրել վտանգավոր այդ հիվանդություններից։ Ինչպես բազմիցս նշվել է, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպն է։ Ի՞նչ է այն իր մեջ ներառում.
- առողջ սնուցում
- ֆիզիկական ակտիվություն
- վնասակար սովորություններից հրաժարում` չծխել, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը։
- Սնունդը պետք է լինի բազմազան: Օրվա ընթացքում անհարաժեշտ է օգտագործել սննդամթերք բոլոր խմբերից` միրգ, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, կաթնամթերք, մսամթերք։
- միրգը և բանջարեղենը պետք է լինի բազմազան՝ նախապատվությունը տալով թարմ և տեղական ծագման մթերքին (օրական ոչ պակաս 400գ)
- սահմանափակել աղի, ճարպոտ սննդի, աղի և շաքարի օգտագործումը։
- շատ քայլել
- առավոտյան մարմնամարզություն կատարել
- 5-17 տարեկան անձանց խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե մարզվել
- 18-64 տարեկան անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում
- 65 և բարձր տարիքային խմբի անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում։
