«Սերժ Սարգսյան, ձեռքդ խփեիր սեղանին, ասեիր՝ մի ժամկետ էլ ես իշխելու»
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով հանգամանքին, որ հայաստանյան 1400 ներդրողներ Վրաստանում են որոշում ներդրում անել այն բանից հետո, երբ Վրաստանի հետ կնքվեց Մետաքսի ճանապարհի վերաբերյալ համաձայնագիր, ասաց, որ օբյեկտիվորեն Հայաստանը պատրաստ չի որևէ ներդրում թույլ տալու, համակարգն այդպիսինն է, դա չի նշանակում որ չեն լինի ներդրումներ: «Կլինեն նախաձեռնություններ, նախագծեր, որ հաջողությամբ կիրականացվեն, բայց չի նշանակում, որ աշխարհը ձգտելու է այստեղ խնդիրներ լուծել: Հայաստանը մնում է գերկոռումպացված, օլիգարխիկ համակարգով երկիր: Ադեն բանը բանից անցավ վերջին ընտրություններից հետո, պառլամենտը գրավել են: Քաղաքական տգիտությունը երբեք այսքան անկաշկանդ ու լավ չի զգացել Հայաստանում, այսքան անզուսպ, լկտի չի եղել, այս անգամ ամեն ինչ ոչնչացվեց: Իշխանությունների արածը խայտառակություն է, Սերժ Սարգսյան, ձեռքդ խփեիր սեղանին, ասեիր, որ մի ժամկետ էլ ես իշխելու, ոչ թե այսպիսի ստվերային քայլերի դիմեիր»,- ասաց նա:
