ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ «ոչնչացվել են» սահմանը հատած հակառակորդի ուժերը
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են զույգ՝ հրամանատարաշտաբային և կրակային զորավարժություններ, որոնց հետևել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումից: Վարժանքների սցենարով՝ հակառակորդի առաջավոր խմբերը հատել էին սահմանագիծը՝ իրենց օդային դեսանտի նստեցումն ապահովելու նպատակով: Զորավարժությանը ներգրավված հայկական զինուժի գումարտակի անձնակազմը ընթացքից անցնելով հարձակման՝ նախանշված ժամանակում «ոչնչացրել է» պայմանական հակառակորդի ուժերը՝ կատարելով առաջադրված մարտական խնդիրները: Տեսանյութից պարզ է դառնում, որ վարժանքների ընթացքում կիրառվել են ՍՊԳ-9 հակատանկային նռնականետ, ԱԳՍ-17 նռնականետ, հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ խոշոր տրամաչափի ՆՍՎ գնդացիրներ: Վարժանքների նպատակն էր ստուգել զորամասի մարտական պատրաստականությունը, վեր հանել այն թերությունները և բացթողումները, որոնց շտկման աշխատանքները պետք է կատարվեն նախքան ընթացիկ ուսումնական փուլի ավարտը: Զորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերի անմիջական մասնակցությամբ անցկացվել են խորրհրդակցություններ և լսումներ, ներկայացվել են օպերատիվ իրավիճակին համաձայն ընդունված որոշումներն ու առաջարկները: Բացի այդ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբի անդամները տեղերում վերստուգվել են կենտրոնացման շրջաններում բացազատված ստորաբաժանումների կողմից զորավարժության պլանի համաձայն գործառույթների պատշաճ կատարումը: razm.info
