Իսկ հրապարակում քյաբաբ կարելի՞ է պատրաստել
Սահմանադրական բարեփոխումների ոգով ապրող հասարակությանը այլևս դժվար է զարմացնել, առավել ևս ապշեցնել:Մինչև 2040թ. համար իշխանությունները լրջորեն մշակում են «իրատեսական» ծրագրեր՝ Մետաքսի ճանապարհի համար նախագծվում է գետնանցում, շինարարական վերջին աշխատանքներն են արվում Սևանա լիճը ծով դարձնելու համարա, օրենքներ են մշակվում, որ պատգամավորին հարց տալը դիտվի իբրև դատապարտելի արարք, վերջին աշխատանքներն են արվում Սարի Թաղը Մոնակո դարձնելու համար: Շուտով քաղաքացիներից շատերը կունենան իրենց սուպերմարկետները, բանկերը, մայթերը և անգամ փողոցները:Այս ամենը երազանք չէ, այլ իշխանությունների կողմից վերարտադրությունը շարունակական դարձնելու նպատակով մտքի փայլատակման դրսևորում:Իսկ առայժմ շատ քիչ քաղաքացիներ կունենան սեփական հրապարակ, որ խորոված անեն:Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում խաղաղ ցույցեր և անգամ երթեր կազմակերպելու համար մշակված են օրենքներ, որոնցում ամրագրված է, թե քանի օր առաջ կարելի է դիմել քաղաքապետարան՝ գրության մեջ նշելով երթուղին, մասնակիցների թիվը, երթի պատասխանատուի անուն-ազգանունը, ինչպես նաև շարքերի պատասխանատուների տվյալները: Այս ամենից զատ ոստիկանությունը խաղաղ երթի մասնակիցներին չի թույլատրում հանրապետության հրապարակի մեջտեղով՝ գորգի վրայով քայլել և անցնել:Այս ամենը օրենքի պահանջ է և այն չի կարելի ոտնահարել:Եվ հանկարծ քաղաքացիները ԶԼՄ-ներից տեղեկանում են, որ ոսկյա երիտասարդությունը «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված հարսանիքի խորովածը պատրաստել է հանրապետության հրապարակի գորգի վրա: Կատարվածը չունի վաղեմության ժամկետ:Քաղաքացիներից շատերը ոգևորվում են և այսօր փորձում են քաղաքապետարանից թույլտվություն ստանալ, որպեսզի հանրապետության հրապարակում քյաբաբ պատրաստեն, ավելի ստույգ՝ ընտանիքը պահելու համար քյաբաբանոց դնեն...:Մնում է հարցնել՝ ե՞րբ կլինի նամակի պատասխանը՝ թույլտվությունը, քանզի հրապարակի արևի տակ միսը փչանում է: Գառնիկ Վաղարշակյան
