Դրական փոփոխություններ են նկատվում ՀԱՊԿ մեխանիզմներում. Լևոն Այվազյան
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը քվոտավորված նշանակում է, այսինքն՝ իրականացվում է ՀԱՊԿ կանոնադրության համաձայն: Իհարկե, ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը ցանկացած միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում բարձրացնում է այդ պետության դերն ու հեղինակությունն այդ կազմակերպության մեջ, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային է, և նա առաջին հերթին պետք է ՀԱՊԿ համընդհանուր շահերն առաջ տանի, ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության», - լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: «ՀԱՊԿ շրջանակներում մեր շահերից է բխում, որ այդ կառույցի միջազգային վարկն ու հեղինակությունը բարձր լինի, որպեսզի կատարելագործվեն ռազմական կառավարման համակարգերը, որ եղած պայմանագրային պարտավորությունների կիրառման գործուն մեխանիզմներ լինեն։Իհարկե, այդ ուղղությամբ դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու, սակայն վերջին տարիներին լուրջ դրական փոփոխություններ են նկատվում, որ ՀԱՊԿ մեխանիզմները դառնան գործուն և կարողնան կոնկրետ պահի կոնկրետ խնդիր լուծել», - ասաց Լ. Այվազյանը:
