Հայազգի Դանիել Կազարյանը Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում առաջադրվել է En Marche! շարժման կողմից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը երկրի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Ռոնի նահանգի 13-րդ շրջանում առաջադրել է հայազգի Դանիել Կազարյանի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կազարյանին սատարելու մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Իմ ընկեր Դանիել Կազարյանի հետ եմ: Շատ հպարտ և ուրախ կլինեմ, եթե նա ընտրվի Ազգային ժողովի պատգամավոր»,- գրել է Փափազյանը: Դանիել Կազարյանը 52 տարեկան է և միայն վերջերս է սկսել զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Մինչ այդ նա զբաղվել է ձեռնարկատիրությամբ: Կազարյանը նաև Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահն է: Նա հայտարարել է, որ ցանկանում է մտնել քաղաքականության մեջ և աջակցել En Marche! շարժմանը Ֆրանսիայում ազգայնականության դեմ պայքարելու նպատակով: Ազարյանը, մասնավորապես, շեշտել է, որ իր հիմնական նպատակը Մարին Լը Պենի գլխավորած. «Ազգային ճակատի դեմ պայքարն է»:
