Երբ պետք է առաջ քաշել Արցախի ճանաչումը. մեկնաբանում է Շարմազանովը (video)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ կայացած հանդիպումից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք ներքաղաքական օրակարգը սառեցրել ենք, նաեւ 13 քաղաքական ուժերով հայտարարություն ենք արել. Սա պատմական ու կարեւոր ժամանակաշրջան է մեր երկրի համար եւ չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնանք»։
Ո՞րն էր այս հանդիպման նպատակը հարցին նա պատասխանեց. «Նպատակների մասին պետք է խոսել վարչապետի կամ նրա ներկայացուցիչների հետ: Ես ասացի, որ քաղաքական ուժերին հրավեր է եղել. խնդիրը ռազմական գործողություններն են եղել։ Յյուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել, դրանից ավել ինֆորմացիա չեմ կարող տալ»։
Հարցին, թե արդյոք Արցախի հարցում իրենց տեսակետները համընկնում են վարչապետի տեսակետների հետ, Շարմազանովը պատասխանեց. «Համընկնում են, թե չէ, պետք է հարցնեք իրենք, մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Ինչ վերաբերում է Արցախի անկախության հարցը քննարկելուն, նա ասաց, որ չի կարող գաղտնազերծել, թե ինչ են քննարկել. «Պետք է անել հնարավորինս, որ այդ հրադադարի ռեժիմն աշխատի։ Դա իմ անձնական կարծիքն է։ Արցախի անկախության ճանաչումը պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, կլինի շարունակական այլ միջազգային ակտորների կողմից»։
