ՌԴ զենք է վաճառել Ադրբեջանին, երեւի դա էլ է ԵՏՄ փաթեթի մեջ մտնում. Է. Մարուքյան
ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն Ազգային Ժողովում ելույթների ժամին, մինչ հանձնաժողովների նախագահների թեկնածուների մասին խոսելն, անդրադարձավ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Խոսրով Հարությունյանի հայտարարություններին:«Հանձնաժողովի նախագահի թեկնածուն նշեց, թե ԵՏՄ ընդունվելիս Հայաստանը այլընտրանք չուներ եւ դրա համար ստիպված գնացինք, դարձանք ԵՏՄ անդամ։ Այն պահին, երբ մենք հրաժարվեցինք Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, դրանով հրաժարվեցինք ինտեգրվելուց եվրոպական տնտեսական գոտուն: Հայաստանը հրաժարվել է այլընտրանքից. Ասոցացման համաձայնագիրը բանակցված դարակում դրված է»,- նշեց Էդմոն Մարուքյանը։ Ինչպես ասաց՝ ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ անվտանգության առումով որեւէ բան չստացանք. «ՌԴ-ն մեր անդամակցելուց հետո ավելի շատ զենք է վաճառել Ադրբեջանին, քան մինչ այդ։ Երեւի դա էլ է ԵՏՄ փաթեթի մեջ մտնում: Անվտանգության համար մտել ենք, չունենք անվտանգություն, տնտեսությունը զարգանալու համար մտել ենք, տնտեսությունը չի զարգացել»:
