Զինծառայողների ծնողներն են իրենց տղաներին ապահովում հիգիենայի տարրական պարագաներով. Մանե Թանդիլյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը շնորհակալ է իրեն վստահելու համար: Հանձնաժողովի անելիքները ներկայացնելիս նա նշեց, որ հանձնաժողովը հաջորդ տարիների ընթացքում օրենսդրական գործունեություն ու խորհրդարանական վերահսկողություն է իրականացնելու: «Առաջիկա տարիները հագեցած են լինելու փոփոխություններով, և մեր հանձնաժողովին են վերապահված լինելու այդ օրենքների նախագծերի քննարկումները»,- ասաց նա: Կորյուն Նահապետյանն անդրադարձավ քննադատությանը, թե ինչու է հենց կառավարությունը մի շարք նախագծեր հեղինակում և ոչ թե` պատգամավորները: «Մեծամասնության պարագայում բնական է, որ հենց կառավարությունն օրենսդրական սուբյեկտ պիտի լինի նախագծերի համար»,- շեշտեց նա, ապա կարևորեց նաև պաշտպանական ոլորտում գնումների գործընթացն ու սպառազինության համալրումը: Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ զինված ուժերում առաջին անհրաժեշտության եւ հիգիենիկ պարագաների խնդրին, որոնք հիմնականում ապահովում են զինծառայողների ծնողները. «Արդյոք տեղյա՞կ եք խնդրից ու ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ եք պատրաստվում իրականացնել»: Ի պատասխան Կորյուն Նահապետյանը նշեց, որ զինված ուժերում ապահովության խնդիրը գերակա ուղղություն է. «Կան մտահոգություն ու այդ մասին քննարկումներ եղել են: Տրվել են համապատասխան պարզաբանումներ, որոնք հիմնականում բավարարել են, սակայն որոշակի լուծումների կարիք կա: Մեր հանձնաժողովն առավել հետեւողական է լինելու այս հարցում»:
