Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ԱԱԾ-ն գործի է անցել

 
Ազգային անվտանգության ծառայությունը միշտ է գործիք եղել իշխանությունների ձեռքին, բայց որ հեղափոխական իշխանություններն այսպես անբռնազբոս ու բացահայտորեն այն կդարձնեին իրենց իշխանությունը պահելու գործիք, ոչ ոք չէր սպասում։ Բայց եթե երկու տարի՝ խաղաղ պայմաններում, ինչպես ասում են, գլուխները քարը, թե ինչպես էին օգտագործում ԱԱԾ-ն, ապա գոնե պատերազմի օրերին այն պետք է լծվեր երկրի անվտանգության պաշտպանությանը եւ զբաղվեր իր բուն առաքելությամբ։ Իսկ մեր երկիրն այսօր ոչ միայն պատերազմական իրավիճակում է, եւ բոլոր խնդիրները մղվել են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով անվտանգության խնդիրներին, այլեւ միլիոն անելիք կա՝ տեղեկատվական անվտանգության, սփյուռքի համայնքների, արտերկրի գործընկերների հետ աշխատանքների համակարգումը։ Ուրիշ ոչինչ որ չանեին, միայն պետական պաշտոնական կայքերի կիբերանվտանգության խնդիրները բավարար էին, որ այս ծառայությունը շունչ քաշելու ժամանակ չունենար։

Բայց պարզվում է՝ ունեն եւ շարունակում են զբաղվել ընդդիմությունով ու լրատվամիջոցներով։ Այս օրերին զանգում են տարբեր մարդկանց, հրավիրում են, գրություններ ուղարկում, թե՝ այս մի գրեք, այն մի գրեք։ Ահա, նման մի խայտառակ գրություն էլ մենք ենք ստացել։ ԱԱԾ ինչ-որ աշխատակից մեզ հիշեցնում է ռազմական դրության մասին, ապա փորձում բացահայտ գրաքննություն սահմանել երկրում։ Այդ գրությունից տպագրում ենք մի հատված․

««Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր տիկին Արմինե Օհանյանին

«Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, իսկ 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում եւ 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը՝ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում․․․

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների եւ վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների եւ դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը»:

Այս մասը, ինչպես տեսաք, օրենքի եւ որոշումների հղումներն են, որոնց մենք ծանոթ ենք։ Դրանից հետո գալիս է այն, ինչ ուզում է մեզ փոխանցել ԱԱԾ-ն։ Ուշադիր․

««Հրապարակ» օրաթերթի, ինչպես նաեւ «www.hraparak.am» ինտերնետային կայքի վերջին օրերի հրապարակումներում տարատեսակ կարծիքներ են հնչեցվում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմն սկսելու հանգամանքների եւ պատճառների, այդ թվում՝ ադրբեջանական ագրեսիայի եւ դրան նախորդած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի միջեւ իբրեւ թե կապի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում փորձ է արվում զուգահեռներ անցկացնել պատերազմական գործողությունների եւ ներքաղաքական զարգացումների միջեւ, տարաբնույթ վերլուծություններ են արվում երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ կազմակերպվող տարբեր քննարկումների կամ հանդիպումների, իրականացվող միջոցառումների կապակցությամբ:

Ընդ որում, հաճախ հրապարակվում են չստուգված, հնարավոր է նաեւ հակառակորդի կողմից սպրդված տվյալներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ազգային անվտանգության շահերից ելնելով, հիմք ընդունելով կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը, առաջարկում է «Հրապարակ» օրաթերթին՝ ռազմական դրության պայմաններում զերծ մնալ նշված բովանդակությամբ կարծիքներ եւ տեսակետներ, իրականության հետ որեւէ աղերս չունեցող տվյալներ հրապարակելուց, ինչպես նաեւ խստագույնս պահպանել վերոհիշյալ իրավական ակտերի պահանջները:

Հարգանքով՝

ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հարությունյան»։

Այսինքն, ԱԱԾ պահանջը ոչ մի կապ չունի ռազմական դրության եւ նրա պահանջների հետ, որովհետեւ ռազմական դրության մասին որոշման մեջ հստակ նշված է․ «Մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների եւ վնասների վերաբերյալ հրապարակումներ», ինչից մենք զերծ ենք մնացել այս ողջ ընթացքում։

Խոսքը վերաբերում է «տարատեսակ կարծիքներ», «պատերազմն սկսելու հանգամանքների եւ պատճառների» վերլուծություններ, «պատերազմական գործողությունների եւ ներքաղաքական զարգացումների միջեւ» զուգահեռներ անցկացնելուն։ Եվ բոլորովին էլ խոսքը «չստուգված տեղեկությունների» մասին չէ, ինչը հպանցիկ նշում է նամակի հեղինակը, որովհետեւ չստուգված տեղեկությունները հերքելու, նշելու հստակ ընթացակարգ կա, եւ այս օրերին չկա գեթ մեկ տեղեկություն, որը հրապարակված լինի մեր կայքում եւ հերքված լինի կամ ոչ պաշտոնական հիմք ունենա։

Հասկանալի է, որ իշխանությունը վտանգ է զգացել եւ հասկանում է, որ գալու է նաեւ կատարվածը վերլուծելու, բացատրություններ պահանջելու, մեղավորներին պատժելու ժամանակը։ Հասկանալի է, որ ամեն ինչ արվում է իշխանություններին ուղղված քննադատությունը ճնշելու համար, չնայած պատերազմի առաջին իսկ օրվանից մենք հիմնականում զերծ ենք մնացել քննադատելուց եւ գրել ենք մեր զգացածի ու մտածածի միայն մեկ տոկոսը։ Բայց անգամ պատերազմն իրավունք չի տալիս տոտալ գրաքննություն մտցնել երկրում եւ ճնշել այլակարծությունը։

ՀԳ․ Ժամանակին, երբ մենք պաշտպանում էինք Նիկոլ Փաշինյանին ԱԱԾ-ից՝ վտանգելով մեր կյանքը, ամենավատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ այդ նույն ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանը մի օր օգտագործելու է մեր դեմ։

Արմինե Օհանյան

Հրապարակ

դիտվել է 7338 անգամ
Լրահոս
Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին Կիպրոսը ձգտում է հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը․ Phileleftheros Աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության ու հայհոյախոսության հանդերձը. Տեր Արտակը հերքել է Տավուշի թեմի մասին տարածված կեղծ լուրերը ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 2 տուժած Հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում. Արմինե Օհանյան ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում Ինչպե՞ս կօգտվեն ընդդիմադիր ուժերը Վարդան Ղուկասյանի հնարավորություններից «Նիկոլի բանկերը ոնց են քերում» հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am