Տարածաշրջանը Էրդողանի ջիհադիստներով լցնող Ալիևը չի մարսելու. Նա հանցագործություն է գործել ոչ միայն իր ժողովրդի առաջ

Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ քննադատությունների տարափը շարունակվում է: Առանց այն էլ ալիևյան ռեժիմը վերջին տարիներին արևմտյան երկրների լրատվամիջոցների, փորձագետների գնահատականներում դիտարկվում էր որպես բռնապետ՝ սեփական ժողովրդին կառավարելու տեսանկյունից: Այժմ Ալիևը ռազմական հանցագործություն իրականացնողի դափնիների արժանացավ: Տարածաշրջան սիրիացի վարձկաններ Թուրքիայի միջոցով բերող Ալիևը, միանշանակ չի մարսելու իր արկածախնդրությունը:

Ժամանակն է, որ Եվրամիությունը կոշտ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի բռնապետական վարչակազմի և Թուրքիայի դեմ, որը շարունակաբար հակամարտություններ է հրահրում Եվրոպայի սահմանների մոտ. մոտավորապես սա էր Եվրախորհրդարանում երեկ մոտ երկուս ու կես ժամ շարունակված քննարկումների հիմնական կարգախոսն ու ուղերձը խորհրդարան եկած արտգործնախարար Ջոզեպ Բորելին:

«Տպավորություն է, որ մեր արտաքին քաղաքականության մարտահրավերներից շատերի, եթե ոչ մեծ մասի հիմնական հրահրիչը Թուրքիան է», -նշեց խորվաթ պատգամավոր Տոնինո Պիցուլան՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունները ևս մեկ հստակ ապացույց են, որ Անկարան «ոտնահարում է եվրոպական սկզբունքներն ու միջազգային իրավունքի նորմերը»: «Սա առանձին դեպք չէ, ժամանակն է, որ մենք պատժամիջոցներ կիրառենք», - իր հերթին պնդեց ֆրանսիացի պատգամավոր Ժերոմ Ռիվիենը։ - «Օսմանյան կայսրությունը վերականգնելու Անկարայի ցանկությունն ակնհայտ է։ Էրդողանը անխնա շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը: Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք նրա վարչակազմի նկատմամբ: Մենք չպետք է միայն հայտարարություններով սահմանափակվենք, մենք պետք է գործենք»:

Հունաստանից ընտրված Իոանիս Լագոսը է՛լ ավելի հեռուն գնաց և մատնանշեց, թե ինչ կարող է անել եվրոպական ընտանիքը, իր խոսքով` հայերի կոտորածը կանգնեցնելու, տարածաշրջանում կայունություն հաստատելու համար․ - «Այն, ինչ կատարվում է հիմա Լեռնային Ղարաբաղում, հայերի ցեղասպանության շարունակությունն է թուրքերի կողմից, և հարց է բոլորին` մինչև ե՞րբ է Եվրամիությունը հանդուրժելու այս անընդունելի պահվածքը Թուրքիայի կողմից», հաղորդում է «Ազատությունը»:

«Իրավիճակը շատ, շատ լուրջ է», նշեց մեկ այլ պատգամավոր` Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն` մեջբերելով «Ամնեսթի Ինթերնեյշնլի» վերջին զեկույցը, որի համաձայն Ադրբեջանն արգելված զինատեսակներ է կիրառում Ստեփանակերտում ապրող խաղաղ բնակչության դեմ: «Սա մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպտագույն խախտում է», - հայտարարեց Իտալիայից ընտրված պատգամավորը՝ հավելելով, որ Եվրամիությունը չպետք է վախենա ներգրավվել այս հարցին` հանուն խաղաղ բնակչության պաշտպանության:

Շվեդիայից ընտրված Չառլի Վեյմերսը ուղիղ հարց բարձրացրեց` ինչո՞ւ է Եվրամիությունը հավասարության նշան դնում ագրեսորի և սեփական կյանքի իրավունքը պաշտպանող ժողովրդի միջև: «Մի՞թե մենք երկուսին էլ պետք է հավասարապես վերաբերվենք: Ո՛չ, սա ագրեսիա է Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից` Թուրքիայի նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցների աջակցությամբ, որպեսզի հետ բերեն Ստալինի կողմից հաստատված անարդարությունը և պոկեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից», - հայտարարեց նա։

Իսպանիայից ընտրված Կլարա Պոնսիատի Օբիոլսը փաստեց` Եվրամիության կառավարությունը պատժամիջոցներից և հրադադարի կոչերից բացի, պետք է նաև հորդորի անդամ երկրներին դադարեցնել զենքի ու զինամթերքի մատակարարումը Թուրքիային, քանի դեռ դրանք կիրառվում են Ղարաբաղի դեմ։ Ընդ որում, պատգամավորն այս հարցում առաջին հերթին սեփական կառավարությանը քննադատեց՝ փաստելով, որ Եվրամիության կազմում Իսպանիան է Թուրքիային զենք մատակարարող առաջատար երկրներից մեկը։

Ղարաբաղի ժողովրդին ու Հայաստանին աջակցություն հայտնելու համար եվրոպացի պատգամավորներից մի քանիսը քննարկմանը եկել էին Հայաստանի դրոշով։ Ոմանք էլ Խորհրդարանի ամբիոնից հայտարարեցին` ճանաչում են Արցախի անկախությունը և վստահ են, որ այս հարցը չի կարգավորվի առանց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու:

Կատալոնիայից ընտրված և անկախության համար պայքարող Ջորդի Սոլեն փաստեց` արցախցիները վաղուց են կատարել իրենց ընտրությունը ժողովրդավարական ճանապարհով: Նույնը պնդեց նաև գերմանացի Մարտին Շոնեբորնը, ով ի դեպ անդամակցում է ԵՄ-Ադրբեջան համագործակցության խմբին․ - «Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը և հուսով եմ՝ իմ օրինակին կհետևեն նաև մյուսները»:
Ընդհանուր առմամբ ելույթ ունեցավ 65 պատգամավոր, որոնցից միայն երկուսը աջակցություն հայտնեցին Ադրբեջանին: Այս հարցում Եվրոպական խորհրդարանի միասնականությունն անգամ արտգործնախարար Բորելն արձանագրեց․ - «Ձեր ուղերձը հստակ է, և բարձրաձայնվեց 65 անգամ` տարբեր ձայներով: Հաջորդ երկուշաբթի ես այդ ուղերձը կփոխանցեմ անդամ երկրների արտգործնախարարներին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ, որտեղ մենք կրկին կանդրադառնանք ստեղծված իրավիճակին։ Եվ մենք կտեսնենք, թե ինչ կարող ենք անել: Սակայն Եվրոպական խորհուրդը կարող է անել միայն այն, ինչի մանդատն ունի: Եվրամիությունը կարող է աջակցել Մինսկի խմբի ջանքերին և ճնշել, որպեսզի Թուրքիան դադարեցնի միջամտությունը։ Բայց եթե դուք քայլեր ձեռնարկելու տակ հասկանում եք ռազմական միջամտություն, դա իսպառ բացառվում է»։

Պաշտոնական Փարիզը երեկ Թուրքիային մեղադրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ «Այս հակամարտությունում նորությունը Թուրքիայի ռազմական ներքաշվածությունն է, ինչը սպառնում է հակամարտությունը դարձնել միջազգային, որից մենք ամեն կերպ փորձում ենք խուսափել», -Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Նա կրկին հիշեցրել է Փարիզի դիրքորոշման մասին՝ հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները առանց որևէ նախապայմանների և սկսել բանակցությունները։ «Կողմերի նախապայմանները թույլ չեն տալիս արդյունքների հասնել։ Պետք է ապահովել կրակի դադարեցում և նստել սեղանի շուրջ», - ասել է ղարաբաղյան հակամարտության միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ հատուկ շեշտելով՝ ԼՂ-ում ներկայիս իրավիճակը շատ մտահոգիչ է, և Փարիզը վճռականորեն մոբիլիզացնում է իր բոլոր ուժերը կարգավորման հասնելու համար։

ԼՂ-ում 11-րդ օրը շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով են հանդես եկել նաև Լոնդոնն ու Օտտավան: Երկու երկրների ԱԳ նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել հակամարտության գոտում քաղաքացիական օբյեկտների հրետակոծությունների կապակցությամբ՝ հակամարտող կողմերին հորդորելով դադարեցնել կրակը և հետևել հրադադարի մասին համաձայնագրի պահանջներին: «Մենք հաստատակամորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին։ Կոչ ենք անում բոլոր երրորդ ուժերին և բարեկամ պետություններին կրկնապատկել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը», - ասված է Դոմինիկ Ռաաբի և Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանի համատեղ հայտարարության մեջ:

Կանադան, հիշեցնենք, ավելի վաղ սառեցրեց ռազմական սարքավորումների մատակարարումը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կազմում իր դաշնակից Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ։ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Նիդեռլանդներում Անկարայի դեմ ավելի կոշտ քայլեր են պահանջում: Երեկ երկրի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը միջոցներ ձեռնարկել և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։

Նիդեռլանդների Քրիստոնեա-դեմոկրտարական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթի հեղինակած բանաձևում ասվում է՝ Անկարան պատերազմ է հրահրում և ստեղծված իրավիճակում «մեծագույն պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որին պետք է վերջնագիր ներկայացվի»։

Եվրամիության անդամ երկրներից Թուրքիայի հետ պատմական տարաձայնություններ ունեցող Հունաստանն էլ Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ֆոնին հետ կանչեց Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով՝ Բաքվին փոխանցելով նաև պաշտոնական բողոքի նոտա: Աթենքը այդ քայլին է դիմել «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։ «Այդ հայտարարություններում ադրբեջանական կողմը պնդում էր, թե պաշտոնական Աթենքը հանդուրժում է զինյալների ներկայությունն իր տարածքում», - նշված է Հունաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հայտարարությունում:

Հայաստանի և Ադրբեջանի հարևան Իրանն էլ իր անմիջական սահմաններին չդադարող ռազմական գործողությունների կապակցությամբ հերթական հայտարարությամբ է հանդես եկել։ Պաշտոնական Թեհրանը կրկին բարձրաձայնել է ղարաբաղյան հակամարտությանը օտար ուժերի միջամտության հնարավորության վերաբերյալ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում, ըստ իրանական կողմի, մասնավորապես ասել է. «Սահմանամերձ գոտում առկա լարվածությունը չպետք է հնարավորություն տա մի շարք ահաբեկչական կառույցների մեծացնել իրենց ազդեցության ծավալները»։ Այս հեռախոսազրույցից ժամեր անց ադրբեջանական Իրանի սահմանամերձ շրջանները հերթական անգամ պատահական հրետակոծության են ենթարկվել ինչի համար պաշտոնական Բաքուն ներողություն է խնդրել սահմանակից երկրի իշխանություններից: Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իրանի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն` ընդգծելով, որ Իրանի ղեկավարությունը ոչ մի դեպքում չի անտեսի իր քաղաքացիների անվտանգությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4068 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am