Ադրբեջանում եւ Բելառուսում մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովներ կան, եւ ի՞նչ.Հրայր Թովմասյան
Եթե խորհրդարանում մարդու իրավունքների հարցերի առանձին հանձնաժողով կա, դա դեռ չի նշանակում, որ այդ իրավունքներն ավելի լավ են պաշտպանվում,Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ից պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով «Ելք»-ից պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, «Ելք» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը առարկեցին Հրայր Թովմասյանի ներկայացրած հիմնավորումները, թե ավելի արդյունավետ է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները միավորվեն։ Թովմասյանը նշեց, որ, օրինակ, Շվեյցարիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում նման խորհրդարանական հանձնաժողովներ գոյություն չունեն: Մյուս կողմից՝ մարդու իրավունքների հանձնաժողովներ կան Ադրբեջանում եւ Բելառուսում: «Կարելի է եզրակացնել, որ նման հանձնաժողովի առկայությունը կամ բացակայությունը ոչինչ չի նշանակում, եւ խնդիրը ոչ թե ձեւի, այլ բովանդակության մեջ է»,- հավելեց նա: Հրայր Թովմասյանն առաջարկեց կազմել հետևյալ հանձնաժողովները. Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով Տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
