Եթե մեր նախագիծը չընդունվի, նշանակում է՝ չեք ուզում. Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ասաց,որ «Ելք» խմբակցությունն առաջարկում է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել 12-ից 10-ը: Մենք առաջարկում ենք ունենալ 10 հանձնաժողով, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովները պետք է ունենան 10 կամ 9 անդամ, ընդհանուր թիվը կլինի 97: «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պետք է պահպանել, քանի որ Հայասռանում մարդու իրավունքների պաշտպանությունը շատ կարեւոր է: Բացի դրանից ինչո՞ւ է ՀՀԿ-ն ուզում, որ լինի 9 հանձնաժողով, ոչ թե 8: Պատճառն այն է, որ Դոնթի բանաձեւի համաձայն՝ 8-ի դեպքում ՀՀԿ-ն կստանար 5 մշտական հանձնաժողով, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 3: Շատ հետաքրքիր է, բայց ինչո՞ւ ոչ 10, որ «Ելք» խմբակցությունը նույնպես ունենա 1 մշտական հանձնաժողով: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մեր նախագիծը չընդունվի, ուրեմն դուք կրճատում եք, որ «Ելքը» չունենա մշտական հանձնաժողով»,- ասաց նա:
