Արտագաղթի պատճառ մի դարձեք.Միհրան Պողոսյանը՝լրագրողներին
Հայաստանը լքելու ցանկություն քաղաքացիների շրջանում առաջացնում է ոչ թե անարդարության մթնոլորտը, այլ այդ մթնոլորտի մասին լրագրողների հրապարակումները, Ազգային ժողովում ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողներին հորդորել է արտագաղթի պատճառ չդառնալ: «Լրատվական դաշտն այսօր շատ հասանելի է դարձել ժողովրդի համար եւ ձեր ամեն մի ինֆորմացիայի աղբյուրը պետք է վերահսկեք եւ ստուգեք, այլ ոչ թե փնտրեք ինտրիգներ, որովհետեւ ձեր մոտեցումները եւ ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է, որ պետք է թողնել եւ լքել Հայաստանը:Ոչ մի լրագրող, ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնելու: Այստեղ գտնվում են մարդիկ, որոնք տասյնակ հազարավոր ձայն են բարձրացնում խորհրդարանում: Պետք է թողնել ինտրիգները եւ հասկանալ, որ այսօր մենք ունենք անելիքներ: Այսօր ձեւավորված է մի խորհրդարան, որը լիազորված է ժողովրդի կողմից եւ ունի անելիքներ», - ասաց նա:
