Ադրբեջանա-թուրքական պարտադրված պատերազմին ինչպե՞ս արձագանքեց աշխարհը

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը: Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ «Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

Իրավիճակն, ակնհայտորեն, հայկական կողմի օգտին է, քանի որ այսօր հայտնի դարձավ, որ Պաշտպանության բանակը վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: Արցախի ռազմական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել:

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր, ասված է հաղորդագրությունում:
Երեկվանից հայկական իշխանությունների մակարդակով արձանագրվեց, որ Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո, եթե որոշակի դանդաղկոտություն էր նկատվել միջազգային արձագանքի առումով, ապա սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական սանձազերծած ռազմական գործողություններից անմիջապես հետո, եթե հաշվի առնենք, որ կիրակի օր էր, իսկ միջազգային կազմակերպությունները աշխատանքային ռեժիմում չէին, այնուամենայնիվ արագ արձագանքներ տարածվեցին:

Նախ՝ հայտնի է, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր այս ընթացքում ակտիվ շփումների մեջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այսօր Մոսկվան իրավիճակը վտանգավոր է գնահատել: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, կողմերը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ օգտագործում են ծանր զենքեր, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով համագործակցությունը բավականին հաջող զարգանում է, հուսով ենք, որ այն իր արդյունքը կտա իրավիճակի ներկա սրման տեսանկյունից, ինչը շատ վտանգավոր է, քանի որ 2016 թվականից ի վեր առաջին անգամ կողմերն օգտագործում են ծանր զենքեր, իրական զոհեր կան», - ասել է Ռուդենկոն լրագրողներին:

Երեկ Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ռուսական կողմը խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի ուշ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածեց հայկական կողմը: «Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը: Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները», - ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կիրակնօրյա ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», – ասել է Թրամփը։

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտել է բռնության սրացումը։ Կողմերին կոչ է արել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները: «Միացյալ Նահանգները մտահոգված է լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնց հետևանքով արձանագրվել են էական կորուստներ», նշել է Պետդեպարտամենտը` ցավակցություն հայտնելով զոհերի ու վիրավորների հարազատներին:

Պետդեպի խոսնակը նաև տեղեկացրել է, որ այսօր փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ` կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել, օգտագործել ուղիղ կապը` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, ինչպես նաև զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը տեղում:

Պետդեպարտամենտը հատուկ անդրադարձ է արել նաև երրորդ կողմերին, ընդգծելով` ԱՄՆ-ը համոզված է, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը: «Մենք կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ` որքան հնարավոր է արագ բովանդակային բանակցությունների վերադառնալու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտը, հավելելով, - «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ ու տևական կարգավորմանը հասնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը»:

Հիշեցնենք, հուլիսին Տավուշի սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակով հորդորել էր Անկարային չսրել իրավիճակը տարածաշրջանում և չձեռնարկել հակամարտության սրացմանն ուղղված գործողություններ:

Սակայն, երեկվանից Մոսկվան կոնկրետ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ ակնարկ չի արել:

Ռուսաստանցի փորձագետների համոզմամբ՝ Մոսկվան հնարավորը կանի, որպեսզի լայնածավալ ռազմական գործողությունները չդառնան տարածաշրջանային, քանի որ եթե Թուրքիան Նախիջևանից փորձի մասնակցել այդ ռազմական գործողություններին, Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել, պաշտպանել հայկական կողմին:
Բայց այլ հարց է, որ Մոսկվան ի զորու չէ այսօր կանգնեցնել ռազմական գործողությունները: Ճնշման նման մեխանիզմներ Մոսկվան այսօր չունի, ասում է ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ «Ազատությանը» հավելելով. - «Այսօրվա ռազմական գործողությունները նման չեն ոչ 2016թ. ապրիլյան պատերազմին, ոչ էլ հուլիսյան բախումներին: Սա մեծ պատերազմ է, և այսօր հնարավոր չէ ասել, թե որքան այն կտևի»:

Ֆելգենգաուերի կարծիքով՝ կողմերի ռազմական ներուժը մոտավորապես հավասար է, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ սպառազինություն է գնել, հատկապես՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ և թիրախային գործել: «Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմն ուզում է ոչնչացնել հայկական կողմի հակաօդային պաշտպանության համակարգը: Առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչքանով դա նրանց կհաջողվի», - ասել է փորձագետը:

Ֆելգենգաուերն ընդգծում է՝ պատերազմական գործողություններն այնքան լայնածավալ են, որ հնարավոր չէ ասել, թե դրանք ինչպես կզարգանան: Ամեն դեպքում, նա համոզված է, որ Մոսկվան հնարավոր ամեն ինչ անելու է պատերազմը կանգնեցնելու համար, քանի որ չի ուզում կանգնել հակառակորդներից և ոչ մեկի կողքին:

Ինչևէ, Հայաստանի և այլ երկրների հետ շփումներից առանձնացնենք Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցը Էմանյուել Մակրոնի հետ: Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորապես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների ՀՀ հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար: Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի «խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա»:

Նախագահ Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք ու «վերսկսել բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում»: ԻԻՀ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Թեհրանը պատրաստ է կողմերին աջակցել «կրակը դադարեցնելու, երկխոսություն սկսելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին՝ ապա ՆԱՏՕ-ն խորապես մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրացման կապակցությամբ, և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ «Հակամարտությունը ռազմական լուծում չունի, կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է ռազմական դաշինքը՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը և վերադառնալ բանակցությունների: «Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ:

Դե ինչ վերաբերում է Թուրքիային, որ ապա այստեղ՝ ինչպես միշտ, կրկնում են, որ՝ «աջակցում են Ադրբեջանի գործողությունները»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արցախյան շփման գծի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ նա միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու և «Հայաստանի հարձակվողականությանը» անհրաժեշտ ու բավարար կերպով չարձագանքելու մեջ:

Էրդողանը չի մոռացել քննադատել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա եռյակ համանախագահությանը «30 տարի անարդյունավետ աշխատանք տանելու և խնդրի հանգուցալուծումից հեռու լինելու» մեջ է մեղադրել: Ապա՝ Էրդողանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հաղորդել, թե՝ «Թուրքիան շարունակելու է սատարել ադրբեջանցի եղբայրներին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1717 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք․ ձեր երդումներից հետո ժողովուրդը միայն կորուստ ու ավեր է ունեցել Վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է «Համբերությունը սպառվել է․ շատ քիչ ժամանակ է մնացել․ ո՞վ է լուծելու Փաշինյանի հարցը վերջնական» (video) Քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրավունքների կարևորության մասին,բայց տարածել բռնության դրսևորումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am