«Դատապարտյալին իր երկիր արտահանձնելը արժանապատվության հետ կապ չունի». Գևորգ Կոստանյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովին Ռուսաստանին արտահանձնելու որոշմանը, նշեց, որ դատապարտյալին հայրենիք արտահանձնելը արժանապատվության խնդիր չէ: «Դատապարտյալների փոխանցումն այս կամ այն երկիր կոնվենցիոն դրույթ է եւ կիրառելի է աշխարհի բոլոր երկրներում: Երբ հանցագործություն իրականացրած անձը տեղափոխվում է իր երկիր, դա փոխանցող երկրի արժանապատվության հետ կապ չունի՝ առավել եւս հիմք ընդունելով այն, որ բազմաթիվ հայ դատապարտյալներ այստեղ են տեղափոխվել իրենց պատիժը կրելու: Դա չի նշանակում, որ երկրի արժանապատվությունն է նսեմացվել, հետեւաբար պետք չէ այդչափ ցավոտ ընդունել այս ամենը, քանի որ խոսքը պարզապես իրավական գործընթացի մասին է»,-նշեց Գեւորգ Կոստանյանը:
