Շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր.Կ. Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում ու Երևանում բնակչության համար դեղերի հասանելիության բարելավմանը։ «Հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր, ստեղծված իրավիճակն անթույլատրելի է», - ասաց նա։ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց: Մասնավորապես անդրադարձավ հանգստյան գոտիներում դեղատների խնդիրներին: Նա առողջապահության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել Երեւանից դուրս զբոսաշրջային վայրերում, հանգստյան գոտիներում առկա շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների քանակն ու տեղաբաշխվածությունը: Կարեն Կարապետյանն այս խնդրին անդրադարձավ, քանի որ ինչպես վստահեցրեց՝ շատ վայրերում զբոսաշրջիկների առողջական խնդիրների դեպքում դեղատուն չեն գտնում: Նրա ներկայացմամբ՝ այս խնդիրը հատկապես լուրջ է Ծաղկաձորում եւ Հրազդանում: Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հանձնարարեց մեկասմյա ժամկետում ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24 ժամ ու առանց հանգստյան օրերի դեղատների առկայությունը։ Վարչապետը հանձնարարեց բանակցել գործող դեղատնային ցանցերի կամ առանձին դեղատների հետ՝ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով։
