Ինջիրլիք արգելելու որոշումը պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Թուրքական Diken-ը հայտնում է,որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե լինի պահանջ, իրենք կարող են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին թուրքական կողմի որոշումը: Կանցլեր Անգելա Մերկելի կողմից նման պահանջ դեռևս չի եղել,ասել էնա: «Մենք շանտաժ չենք անում: Եթե սա շանտաժ է, ապա ի՞նչ է ձեր արածը: Թուրքիան չի պատրաստվում ենթարկվել երկակի ստանդարտներին: Եթե ուզում են հետ քաշվեն Ինջիրլիքից, իրենք գիտեն»,-անդրադառնալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիայի խորհրդարանը,ասել է Չավուշօղլուն : Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:
