ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին. Արա Բաբլոյան
Վեցերորդ գումարման խորհրդարանը սկսել է Ազգային ժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Արա Բաբլոյանի թեկնածությունը, որից հետո նիստը վարող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արա Բաբլոյանին: «Շնորհակալ եմ ԱԺ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Շատ լավ եմ գիտակցում և համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլև` յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետևողական աշխատանքով», - ասաց Ա. Բաբլոյանը: Նա հավելեց, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր քվեով ձևավորեց Ազգային ժողովը: «Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ ես ղեկավարվելու եմ այն գիտակցությամբ, որ ես հանրության քվեով ձևավորված Ազգային ժողովի նախագահ եմ, ինչը բազմապատկելու է իմ պարտավորվածության աստիճանը: Բոլոր քայլերս բխելու են մեր պետության և ժողովրդի շահերից: Խորհրդարանական այս ընտրությունները մնացած բոլորից տարբերվեցին բարձր կազմակերպվածությամբ, խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ Այս ամենին մեզ հաջողվեց հասնել միասնական աշխատանքի արդյունքում», - ասաց նա:
