«Ելք» դաշինքն առաջադրեց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը
Վեցերորդ գումարման խորհրդարանը սկսել է Ազգային ժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Արա Բաբլոյանի թեկնածությունը: Իսկ ահա «Ելք» դաշինքը հայտարարեց, որ իրենք ունեն իրենց թկնածուն և առաջադրեցին Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Դաշինքի անունից ձայնի իրավունք խնդրեց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ իրենք Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Այնուհետև, իրնչպես արդեն նախօրոք գրել էինք, նիստը վարող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արա Բաբլոյանին: «Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ գործընկերներին նման վստահության համար: Դա ինձ ստիպում է լինել առավել պատասխանատու»,- ասաց Բաբլոյանը՝ նշելով, որ հետևություններ կանի նախագահի հղած ուղերձից: «Ես անելու եմ հնարավորը, որ իշխանություն-ընդդիմություն համագործակցությունն ավելի ընդլայնվի: Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է, ուստի իմ ծրագրերը և գործողությունները չեն կարող տարբերվել այս սկզբունքներից: Նպաստելու եմ երկրի ներսում պետական իշխանության գերակայությանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ լիարժեք անկախությանը»,- եզրափակեց Արա Բաբլոյանը: «Ելք» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Էդմոն Մարուքյանը շնորհակալություն հայտնեց «Ելք» դաշինքի խմբակցությանը Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: «Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը: Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը 2018թ. ապրիլից ունենալու է կարևորագույն դերակատարում, և ես շատ լավ հասկանում եմ այն պատասխանատվության աստիճանը, որ ունենալու է Ազգայնի ժողովի նախագահը»,- ընդգծեց Մարուքյանը:
