«Պարոն Նիկոլյան...». Վահրամ Բաղդասարյանը շփոթվեց
6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստի ժամանակ պատգամավորների գրանցումից հետո նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնեց, որ առաջինը քննարկվելու է հաշվիչ հանձնախմբի ստեղծման հարցը: «Հանձնախումբը կազմված է լինելու 9 անդամից, ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների համամասնության՝ ՀՀԿ-ից կլինի 5 անդամ, «Ծառուկյան» դաշինքից՝ 2, «Ելք»-ից եւ ՀՅԴ-ից՝ 1-ական»,- ասաց նա: Նախ մենք քննարկման չենք մասնակցել, հետո առաջարկում են յուրաքանչյուր խմբակցությունից լինի 2-ական անդամ,ասաց Ելք դաշինի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր հերթին նախ շնորհավորեց «Ելք»-ին՝ խորհրդարան անցնելու կապակցությամբ, ապա հորդորեց առաջինը քվեարկության դնել Հասանովի կողմից ընթերցված առաջարկը, որից հետո միայն Նիկոլ Փաշինյանի: «Պարոն Նիկոլյան… պարոն Փաշինյան, ես երեկ հեռախոսով խոսել եմ ձեզ հետ, ասել եմ, որ նման առաջարկ ունենք, դուք էլ ասել եք, թե ձեր դիրքորոշումը կհայտնեք վաղը, հիմա ինչո՞ւ եք ասում, թե ձեզ չենք հայտնել այդ մասին»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
