Մի՛ թողեք` չակերտները բացեմ. Գագիկ Ծառուկյան
Ի՞նչ պառակտում, դու տեսե՞լ ես նման բան, բոլորն էլ աշխատելու են, բոլորը մեր թիմակիցներն են, մեծ գործ են կատարել. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների` մանդատների վայր դնելու շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ հարցին, ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե ութ մարդ մանդատները վայր դնելո՞ւ են, թե՞ ոչ, պատասխանեց. «Կդնեն էլ, չեն էլ դնի:Որոշակիություն կլինի մոտ օրերս»: «Բացթողում է եղել, կամ տեղեկացված չեն եղել, դրա համար ես ասացի՝ խմբակցության խորհրդում կքննարկենք ու որոշում կկայացնենք,- ասաց նա՝ վստահեցնելով, թե իր գլխավորած դաշինքում պառակտում չկա,- Ի՞նչ պառակտում, այ ցավդ տանեմ, տեսե՞լ ես ըտենց բան։ Բոլորի հետ էլ աշխատելու ենք, բոլորն էլ մեր թիմակիցներն են»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր են բզբզողները, որոնց մասին երեկ հայտարարել է Գ.Ծառուկյանը: «Ե՛վ ընդեղից, և՛ ձեր միջից, և՛ ուրիշ կուսակցությունից»,- արձագանքեց Ծառուկյանը։ Նա չբացահայտեց, թե արդյոք իշխանությունները ևս բզբզացե՞լ են. «Թույլ տվեք չակերտներ չբացել»։ Հարցին՝ գո՞հ է վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքից, Ծառուկյանը պատասխանեց. «Մարդ է, թողեք, որ աշխատի, ի՞նչ եք ուզում»:
