Պահանջում են դադարեցնել Կարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը
Ըստ «Ակօս»-ի՝ Թուրքիայում դատական մարմինները պահանջում են դադարեցնել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը: Խորհրդարան է ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, իսկ ԺՀԿ-ի պատգամավորների թվում են Օզգյուր Օզելը, Ֆիքրի Սաղլարնը, Էլիֆ Դողան Թուրքմենը, Բարըշ Յարքադաշը: Պատգամավորների անձեռնմխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը մեջլիսի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկով: Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ ձայնով:
