Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա` սա է հաջողության բանալին.Ս.Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ վեցերրորդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ ողջունեց ԱԺ խմբակցություններին` ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք» դաշինքին և ՀՅԴ-ին` «ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով ՀՀ գալիք 5 տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանալու համար»: «Շնորհավորում եմ պատգամավորներին և մաղթում բեղուն աշխատանք: Այս կարևոր շրջափուլում դուք եք նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին կարևոր քայլը կատարում: Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու:Դրա համար ունենք քաղաքական կամք և փորձառություն»,- ասաց Ս.Սարգսյանը: Ըստ նրա` այս Ազգային ժողովը մեծ դեր է ունենալու նաև արտաքին քաղաքականության մեջ: ՀՀ նախագահի խոսքով` Սահմանադրական փոփոխություններից հետո այս ԱԺ-ն օժտված է նաև սահմանադրական մարմիններ ստեղծելու իրավասությամբ: Խոսելով արդարադատության համակարգի կատարելագործման մասին նշեց, որ պետությունը շարունակում է քաղաքացու մեջ արմատավորել կոռուպցիայի դեմ 0 հանդորժողականություն, բայց չի կարելի բավարարվել եղած ձեռքբերումներով և պետք է կատարելագործել հակակոռուպցիոն համակարգը: «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա` սա է հաջողության բանալին»,- ասաց Ս.Սարգսյանը` հավելելով, որ կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, իսկ պրոֆեսիոնալների համար այն վանող է և անշահավետ:
