7 քայլանի ծրագիր՝ Բելառուսը կործանելու համար. Լուկաշենկոյի մեղադրանքը Արևմուտքին

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է` Բելառուսում ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը երկխոսությունն է գործող վարչակազմի ու ընդդիմության միջև:

«Գործող վարչակազմը պետք է լսի իր ժողովրդի ձայնը», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Բրյուսելում Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Անդրեա Կալանը: «Օգոստոսի 9-ի ընտրությունները արդար, ազատ ու թափանցիկ չէին, ողջ աշխարհն է դա տեսել, և որ առավել կարևոր է՝ Բելառուսի ժողովուրդն է տեսել: Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Բելառուսի գործող վարչակազմը և առաջնորդը երկխոսության գնան քաղաքացիական հասարակության հետ` ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Մեր համոզմամբ՝ դա լավագույն ճանապարհն է հիմա», նշել է Կալանը:

Վիճահարույց ընտրություններով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն, մինչդեռ, կտրականապես հրաժարվում է երկխոսությունից: Ավելին, երեկ նա վերջակետ է դրել այս հարցի շուրջ քննարկումներին, պնդելով` նախագահական ընտրությունները կայացել են, արդյունքները հայտնի են, և այս ուղղությամբ այլևս որևէ անելիք չկա: «Բարիկադներ կառուցելու և հանրահավաքներ անցկացնելու ժամանակն արդեն ավարտվել է», -ասել է Լուկաշենկոն` չհստակեցնելով` օրենքի ո՞ր կետով է դա արգելվում, և այսուհետ ե՞րբ, կամ` տարվա ո՞ր եղանակին կարող են բելառուսցիները կրկին փողոց դուրս գալ:

«Հիմա եկել է մեր ժամանակը, անհրաժեշտ է շարունակել ստեղծագործ աշխատանքը, շարժվել առաջ` խելամիտ փոփոխությունների և խելամիտ բարեփոխումների ճանապարհով», - խորհրդային կարգախոսների ոգով պնդել է Լուկաշենկոն, ով այդ տարիներին զբաղեցնում էր կոլխոզի պարտկոմի նախագահի, հետո էլ` սովխոզի տնօրենի պաշտոնը: «Մենք տեղում չենք դոփում, երկիրը զարգանում է, հետզհետե ավելանում է մարդկանց բարեկեցությունը: Ես չեմ հասկանում` ուրիշ էլ ի՞նչ փոփոխություններ են հարկավոր», - տարակուսել է նա:

Ցուցարարների մատնանշած ազատ, արդար ու մրցակցային ընտրությունների, կամ` հիմնարար իրավունքները պաշտպանելու մասին Լուկաշենկոն որևէ բառ չի ասել, թեև հանդիպել էր երկրի «քաղաքական ակտիվի» հետ: Թե ովքեր էին լուռ ու հնազանդ նրա երկարաշունչ ելույթը ունկնդրող այդ մարդիկ` պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում: Հստակ է, սակայն, որ վերջին նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի դեմ դուրս եկած բոլոր ընդդիմադիր առաջնորդները հիմա կա՛մ բանտում են, կա՛մ հեռացվել են երկրից:

Ընդ որում, Լուկաշենկոն երեկ զգուշացրել է` դա դեռ վերջը չէ: «Տասնհինգ կուսակցություն ունենք գրանցված, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք կուսակցություն չեն», ասել է նա ու բացատրել` որ հարցում են քաղաքական այդ ուժերը սխալվել. - «Նրանցից տասը շեղվել են իրենց կանոնադրությունից, ու հիմա նոր ընտրություններ են պահանջում», - ասել է Լուկաշենկոն, կրկին չհստակեցնելով` ո՞ր օրենքով է արգելվում ընդդիմադիր կուսակցությանը հրաժարականի պահանջ ներկայացնել ավելի քան քառորդ դար վիճահարույց քվեարկություններով ընտրվող նախագահին: «Հանձնարարում եմ Արդարադատության նախարարությանը մանրազնին ուսումնասիրել` արդյո՞ք այդ կուսակցությունները համապատասխանում են գործող օրենսդրությանը: Անհրաժեշտ է դրանք վերագրանցել», - հրահանգել է Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած առաջնորդը: Փորձագետները փաստում են` ընդդիմադիր այդ տասը կուսակցությունները դժվար թե հաղթահարեն վերագրանցման պահանջը:

Լուկաշենկոն երեկ հիշել է նաև իր դեմ դուրս եկած նախկին ու ներկա երեք դեսպանների մասին ու բոլորին զրկել դիվանագիտական կոչումներից: Փոխարենը՝ խոստացել է վարձահատույց լինել բոլոր նրանց, ովքեր հակակառավարական ցույցերի ժամանակ մնացել են իր կողքին. - «Շնորհակալություն նրանց, որ իրենց դրսևորեցին ըստ արժանվույն և հուսալի: Առաջիկայում մենք քայլեր կձեռնարկենք քաղծառայողի կարգավիճակն ամրապնդելու համար»:

Երեկ, մասնավորապես, նա պնդել է, թե Արևմուտքը հատուկ` 7-քայլանի ծրագիր էր մշակել Բելառուսը կործանելու համար, որը, սակայն, ձախողվել է` ՕՄՕՆ-ի «հայրենանվեր ու անձնազոհ» ջանքերի շնորհիվ: «Եթե մեր իրավապահ մարմինները պասիվ լինեին, մենք անխուսափելիորեն ականատես կլինեինք նոր մայդանային տեխնոլոգիաների, որոնք, ինչպես գիտենք պատմությունից, հազվադեպ են ավարտվել առանց մարդկային կորուստների և մշտապես ողբերգական ավարտ են ունեցել երկրի համար», ասել է Բելառուսի ղեկավարը: Ուժայինների կողմից իրականացված բռնությունների, կտտանքների ենթարկված խաղաղ ցուցարարների, ընդդիմության դեմ հարուցված շինծու քրեական գործերի մասին, սակայն, Լուկաշենկոն չի խոսել: Փոխարենն ընդգծել է` «մենք գիտենք, թե ովքեր են այս ամենը ղեկավարում և ինչ են ուզում, այդ իսկ պատճառով զգոնությունը չենք կորցնում»:

Արևմուտքում այս մեղադրանքներն անհեթեթություն են որակում: Լիտվայի արտգործնախարարը հրապարակավ պնդում է, թե Լուկաշենկոն կորցրել է կապը իրականության հետ, Եվրամիությունն էլ պատրաստվում է մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանել նրա վարչակազմի մոտ երեք տասնյակ պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը վերահաստատել է` Վաշինգտոնը ևս կարող է միանալ այդ սահմանափակումներին:
ԵՄ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ չի ճանաչում, նախօրեին Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` որևէ կասկած չկա, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են։

«Մեր կարծիքով` լավագույն լուծումը կլինի ԵԱՀԿ կողմից դիտարկվող վերաքվեարկությունը։ Մինչ այս պահը, սակայն, մեզ չի հաջողվել կապ հաստատել որևէ մակարդակի բելառուս պաշտոնյայի հետ։ Իշխանության լծակները պահպանելու՝ Լուկաշենկոյի համառ վճռականությունը, ինչպես նաև Մոսկվայի աճող աջակցությունը նրան էլ ավելի են դժվարացնում խնդրի լուծումը», - հայտարարում էր Բորելը՝ նշելով, որ այս փուլում ԵՄ գլխավոր նպատակն է լինելու բելառուս ժողովրդին, նախևառաջ քաղաքացիական հասարակությանն ուղղակի օժանդակություն ցուցաբերելը։
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը նշել է Բելառուսին 53 միլիոն եվրոյի հատկացման մասին։ Այդ միջոցները անմիջապես հասանելի կլինեն բռնությունների զոհերի համար։ Մենք նաև փորձում ենք աջակցություն ցուցաբերել անկախ մամուլին», - հայտարարում էր Բորելը։

Արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով պատասխանատուն Եվրախորհրդարանում ունեցած ելույթում չշրջանցեց նաև Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների թեման՝ նշելով, որ այդ հարցը ընդգրկվելու է սեպտեմբերի 24-ին մեկնարկող ԵՄ գագաթնաժողովի օրակարգում։

Ինչ վերաբերում է բելառուսական ընդդիմությանը, ապա երկրի ներսում պահպանվող հարաբերական անդորրի ֆոնին Լուկաշենկոյի ընդդիմախոսները շարունակում են միջազգային հանրային կարծիքի մոբիլիզացիան։ Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան սյունյակ էր գրել Washington Post թերթում։ Նա հարցազրույց է տվել ուկրաինական ամենաազդեցիկ կայքերից մեկին՝ LB.UA-ին, որում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Տիխանովսկայան մասնավորաբար նշել է, որ ընդդիմությունը պատրաստ է Լուկաշենկոյին որոշակի երաշխիքներ տրամադրել, եթե նա դադարեցնի դիմադրությունը։ «Եթե Լուկաշենկոն խաղաղ կերպով, մարդավարի հեռանա, անվտանգության երաշխիքների հավանականություն կա։ Նույնիսկ նման համոզմունք կա։ Դա, իհարկե, քննարկելու խնդիր է, սակայն պատրաստ ենք անգամ ավելին տրամադրել, [քան անվտանգության երաշխիքները]», հայտարարել է Տիխանովսկայան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 899 անգամ
Լրահոս
Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am