Պոլսո Հայոց պատրիարքությունը բռնազավթված է, չե՞ք տեսնում. ստամբուլահայերի կոչը
«Պոլսո Հայոց պատրիարքությունը բռնազավթված է, չե՞ք տեսնում», - Թուրքիայում «Մտքի հարթակ» հասարակական նախաձեռնության անդամները նոր հայտարարությամբ են հանդես եկել Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։ change.org կայքում, որտեղ շարունակվում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանի դեմ ստորագրահավաքը, նախաձեռնության անդամները թուրքերենով և արևմտահայերենով նոր կոչ են հղել համայն հայությանն ու խնդրել միանալ իրենց արդար պահանջին։ Նախաձեռնության մասնակիցները շեշտել են, որ Պոլսո պատրիարքարանը բռնազավթած ուժերը չունեն խիղճ, չեն ճանաչում ո՛չ կրոն, ո՛չ մարդկություն, ո՛չ իրավունք կամ հայրենական ավանդույթներ։ «Կոչ ենք անում որոշում կայացնելու կոչված մեծագույն մարմինը հանդիսացող մեր ժողովրդին այս կոչը ստորագրելով՝ լսելի դարձնել իր ձայնը», - ասված է հայտարարության մեջ։
