Ադրբեջանական խնձորների գործով ՊԵԿ 4 աշխատակից ազատվել է աշխատանքից
Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու։ Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանց մեջ են մտնում նաև ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրումների համար նկատողություն է տրվել Բագրատաշենի մաքսային կետի ղեկավար Սողոմոն Մելիքսեթյանին։ Ավելին՝ պարզեցինք, որ Բագրատաշենի՝ նախաբացթողումային վարչության 4 աշխատակից ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով ազատվել են աշխատանքից, թեև նրանք, ըստ էության, այդ քրեական գործով չեն անցել։ Այսինքն՝ խնձորները ծանր են նստել պետական մի շարք պաշտոնյաների վրա։
